Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Սիրելի հայրենակիցներ
Քիչ անց մենք կբաժանվենք 2022 թվականից, որը մեր մարզի համար դարձավ կարեւոր ու էական ձեռքբերումների, միաժամանակ` թշնամական ագրեսիային դիմակայելու եւ հայրենի հողի խաղաղությունը մաքառման գնով պաշտպանելու տարի։
Տարին արգասաբեր եղավ կապիտալ շինարարության ոլորտում, որտեղ ներդրումները կազմեցին շուրջ 17 միլիարդ դրամ։
Պետական հոգածության շնորհիվ շարունակվեցին Մարտունու բժշկական կենտրոնի, Գեղհովիտի թիվ 2 , Ներքին Գետաշենի թիվ 1, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Լեռնահովիտի հիմնական դպրոցների նոր շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի ընթացքում կառուցվեց 48530 գծամետր խմելու ջրագիծ, 24700 գծամետր ոռոգման ցանց, 107750 գծամետր լուսավորության ցանց եւ 15100 գծամետր գազատար։
Ասֆալտապատվեց 31,4 կմ համայնքային նշանակության փողոցներ, հիմնանորոգվեց 6 բազմաբնակարան շենքերի տանիքներ`շուրջ 3800 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Կառուցվեցին կամ հիմնանորոգվեցին մանկապասրտեզներ, մշակույթի տներ, համայնքապետարանների շենքեր։
ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրակությամբ եւ պետբյուջեից հատկացված 4 միլիարդ 217 միլիոն դրամի հաշվին իրականացվեց 9 ծրագիր, ինչի արդյունքում կառուցվեց 20,2 կիլոմետր միջպետական, հանրապետական եւ համայնքային նշանակության ճանապարհ , 1 կամուրջ, վերականգնվեց 1 փլվածք։
Իրականացված աշխատանքների արդյունքում աննախադեպ զարգացում ապրեցին մարզի ենթակառուցվածքները, բարելավվեց բնակչության կյանքի որակը, լուծվեցին համայնքներում տասնամյակներ ի վեր լուծում չստացած բազմաբնույթ հիմնահարցեր։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ եւ անհետաձգելի լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին մարզի բժշկական կենտրոնները եւ առաջնային առողջության պահպանման օղակի բուժհիմնարկները, հանրակրթական 99 դպրոցի համար ձեռք բերվեց նոր գույք, 6 դպրոցներում, ինչպես նաեւ Սեւանի ԲԿ-ում եւ Վարդենիսի պոլիկլինիկայում իրականացվեցին հիմնանորոգման աշխատանքներ։
Առողջապահության ոլորտում իրականացված տեխնիկական եւ կադրային վերազինումների շնորհիվ ներդրվեցին նոր բուժծառայություններ, նկատելիորեն բարձրացավ բուժսպասարկման որակը, էականորեն կրճատվեց մարզի բնակչության հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ։
Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցեցին
54 ուսուցիչներ, ինչը հուսադրող արդյունք է կրթության որակի բարձրացման եւ ապահովման ճանապարհին։
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությամբ հիմնվեցին խելացի անասնագոմեր, մի քանի հեկտարից մինչեւ տասնյակ հեկտարների հասնող ջերմոցներ։
Թվարկված ձեռքբերումներն ավելին կլինեին, եթե չլիներ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Հայաստանի սահմաններին։ Ադրբեջանական զինուժի ձեռնարկած հանցավոր ագրեսիան մեր մարզի արեւելյան սահմանների տասնյակ բնակավայրերում խաթարեց բնակչության բնականոն կյանքը։
Հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար թշնամու դեմ մարտական գործողությունների մեջ մտավ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսը, որի զինվորներից ու սպաներից շատերն իրենց կյանքը հերոսաբար զոհեցին հանուն հայրենիքի, իսկ մեր հողի խաղաղությունն ապահովվեց մեր բանակի մղած համառ ու հերոսական մարտերի արդյունքում։
Այս պահին էլ մեր սահմանին կանգնած են նույն քաջորդիները` սանձելու պատրաստ ամեն մի սադրանք ու թշնամական գործողություն։
Գլուխ ենք խոնարհում հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված մեր զավակների սուրբ հիշատակի առաջ եւ այն քաջերի կամքի ու տոկունության, ովքեր աներեր կանգնած են առաջնագծում։
Հայրենակիցներ, գալիք տարում մեզ սպասում են նոր մարտահրավերներ, հայրենաշեն նոր ծրագրեր եւ անելիքներ, կարեւորագույն ձեռնարկներ, որոնց հաղթահարման եւ իրականացման համար հարկավոր կլինեն բոլորիս միասնությունը, հավաքական կամքը, համատեղ ջանքերը, հայրենանվիրության դրսեւորումները։ Այդ դեպքում մենք կհաղթահարենք մեր հայրենիքի առջեւ ծառացած բոլոր արտաքին ու ներքին մարտահրավերները եւ կապահովենք ազատ, հզոր ու խաղաղ Հայաստանի կերտման ճանապարհը։
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում խաղաղ ու անվտանգ հայրենիք, քաջառողջություն, երջանկություն, անձնական ու աշխատանքային նորանոր հաջողություններ։
Լավագույն ցանկություններով `
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52