Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը
29.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Դեկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, մարզի ուժային կառույցների, մարզպետարանի ստորաբաժանումների եւ մարզի համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները։
«Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմում է 99,1 տոկոս։ Մարտունի համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 108,3, Ճամբարակ համայնքը՝ 104,0, Սեւան համայնքը՝ 98,5, Գավառ համայնքը՝ 93,0, Վարդենիս համայնքը՝ 91,2 տոկոսով։
«Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականի գյուղատնտեսական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։ Նա նշեց, որ 2022 թվականին ցանքային տարածությունը մարզի համայնքներում կազմել է ընդամենը 37 հազար 742 հեկտար։ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի» շրջանակներում 67 շահառու դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրից օգտվելու նպատակով։ «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակներում մարզում հաստատվել է 27 լիզինգի հայտ՝ 164.4 միլիոն ՀՀ դրամ արժեքով, որի արդյունքում ձեռք է բերվել 37 միավոր տեխնիկա: Ավարտվել եւ շահագործման է հանձնվել 3 խելացի անասնաշենք, որոնց դիմաց տրվել է 53,5 միլիոն դրամի փոխհատուցում։ Ինտենսիվ այգիներ եւ ջերմատնային տնտեսություններ են ստեղծվել վեց համայնքներում և բնակավայրերում։ Գեղամավան բնակավայրում 5 հեկտարի վրա հիմնվել է ջերմոցային տնտեսություն։ Նախորդ տարվա համեմատությամբ «Գեղարքունիք» ՋՕԸ կողմից սպասարկվող ոռոգելի հողատարածությունները ավելացել են 33 հեկտարով: 2022 թվականին մարզի համայնքներում կուտակվել է 125000 տոննա խոտ եւ 6400 տոննա ծղոտ, որը բավարար է՝ անասնագլխաքանակի ձմեռացումն անկորուստ կազմակերպելու համար: Կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան՝ նախորդ տարվա համեմատ ցանքերն ավելացել են 2228 հեկտարով: Այսօրվա դրությամբ համարակալվել է շուրջ 40000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, աշխատանքներն ընթացքի մեջ են:
2021-2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Վարդենիս համայնքի բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին պատճառվել է զգալի վնասներ, որոնց փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է 29 միկլիոն 886 հազար դրամ։
«Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականին իրականացված սուբվենցիոն եւ անհետաձգելի ծրագրերի ընթացքի մասին» հարցի շուրջ զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանը։
ՀՀ կառավարության տարբեր որոշումներով 2022 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետության մասնաբաժնի վճարման նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ հատկացվել է 3 միլիարդ 531,9 միլիոն դրամ։ Վճարման գործընթացը շարունակվում է։
Ընդհանուր առմամբ, մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի ընթացքում կառուցվել է 48 հազար 530 գծամետր խմելու ջրագիծ, 24 հազար 700 գծամետր ոռոգման ցանց, 107 հազար 750 գծամետր լուսավորության ցանց եւ 15100 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել է 31,4 կիլոմետր համայնքային նշանակության փողոցներ, հիմնանորոգվել են 6 բազմաբնակարան շենքերի տանիքներ՝ շուրջ 3800 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Հիմնանորոգվել կամ կառուցվել են մանկապարտեզների շենքեր, մշակույթի տներ, համայնքապետարանների շենքեր։
Ընթացիկ տարում Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ մարզում իրականացվել են նաև անհետաձգելի համարվող ծրագրեր, որոնց մեջ ներառվել են թվով 6 դպրոցական շենքերի և Սևանի բժշկական կենտրոնի մանկական մասնաշենքի տանիքի վերանորոգում ծրագրերը։
«Գեղարքունիքի մարզի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստումների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:
2022 թվականին մարզի 5 համայնքների 42 բնակավայրերում գործում է 52 մանկապարտեզ՝ 156 խմբով եւ 3706 սաներով: Սևան համայնքի Ծաղկունք, Գեղամավան և Նորաշեն բնակավայրերում դեկտեմբերի 20-ից մեկնարկել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների ծրագիրը»: Մարզում կան նաև մանկապարտեզներ, որոնք շինարարական աշխատանքների պատճառով տվյալ պահին չեն գործում։ Առաջիկա տարիներին ՀՀ կառավարության գործուն ջանքերի շնորհիվ էականորեն կավելանան գործող մանկապարտեզները։ 2022 թվականի նոյեմբեր ամսին մարզպետարանի և համայնքապետարանների ջանքերով անցկացվել են Մարտունի, Վարդենիս և Գավառ համայնքների մանկապարտեզների 213 աշխատակիցների վերապատրաստումներ։ Այս տարի արդեն իսկ 57 աշխատակիցներ ընդգրկվեցին պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ծրագրում։
«Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականի ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության տրամադրման գործընթացի մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը։ Մարզի բոլոր համայնքների ղեկավարներին 2022 թվականի հունիս ամսին առաջարկվել էր լուծել ՀՀ օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների խախտումներով օգտագործվող հողամասերի համար կնքված վարձակալական պայմանագրերը։ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ համայնքների ղեկավարների համապատասխան որոշումներով լուծվել են 1728.6 հեկտար հողատարածքների համար կնքված վարձակալական պայմանագրեր, որոնցից այս պահի դրությամբ վարձակալության են տրամադրվել 839 հա հողատարածքներ, մնացած 889.6 հեկտար հողատարածքների համար մրցույթները հայտարարվելու են 2023 թվականի գարնանը:
«2022 թվականին մարզի համայնքների խոշորացումից հետո չեն ավարտվել դեռևս վարձակալության չտրամադրված կամ առանց վարձակալական պայմանագրերի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի գույքագրումը և քարտեզագրումը, որոնց արդյունքում սահմանված կարգով պետք է հայտարարվեին վարձակալության տրամադրման մրցույթներ:
Առաջարկել եմ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում առաջնահերթ կատարել համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի քարտեզագրման աշխատանքներ և հայտարարել մրցույթներ, որոնց մասին հայտարարություններում խոտհարքների և արոտավայրերի համար որպես պարտադիր պայման ներառել համապատասխան անասնագլխաքանակի առկայության մասին տեղեկանքը:
Մենք տարին ավարտում ենք նկատելի հաջողություններով եւ ձեռքբերումներով թե՛ սուբվեբնցիոն, թե՛ հրատապ ծրագրերի իրականացման առումներով։ Նման հսկայածավալ շինարարությունը փաստում է, որ մենք զարգացում ենք ապրում կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում, գրանցում ենք տեսանելի առաջընթաց, իսկ առջեւում մեզ սպասում են նոր անելիքներ։ Զարգացման թափը պահպանելու եւ բազմապատկելու համար մենք պետք է շարունակենք փոխհամագործակցված ու հետևողական աշխատանքը, ցուցաբերենք մեծ պատասխանատվություն ու պարտքի գիտակցում։
Առաջին հերթին պետք է լուրջ ուշադրություն սևեռենք համայնքային բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրմանը, քանի որ հիմնականում դրանից են բխելու պետական բոլոր ծրագրերի ներդրումները։ Պետք է խստորեն հետեւենք իրականացվող շինարարության որակի պահպանմանը։ Կարեւորում եմ նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործումը։ Իսկ այս հարցերում անփոխարինելի դեր ունեն բնակավայրերի վարչական ղեկավարները, ովքեր պետք է ներգրավվեն բոլոր խնդիրներում, հետեւողական աշխատանքով կարողանան կարգավորել ի հայտ եկած ամեն մի խնդիր։
Լիահույս եմ, որ գալիք տարում մենք կարձանագրենք էլ ավելի շոշափելի ձեռքբերումներ, զարգացման ավելի բարձր ցուցանիշներ։
Շնորհակալն եմ համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղ ու ստեղծագործ տարի, աշխատանքային ու անձնական հաջողություններ։