Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ
27.12.2022
Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում ամփոփվեց դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, խոսվեց առաջիկա անելիքների մասին։
Գեղարքունիքի մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց այն դպրոցներին, որտեղ արձանագրվել է ուսումնադաստիարակչական բարեխիղճ և արդյունավետ աշխատանք, հույս հայտնելով, որ տնօրենների հետևողականության արդյունքում հաջորդ կիսամյակին կունենանք նմանատիպ դպրոցների թվի ավելացում։
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից որոշ դպրոցներում կատարված աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքներին և հանձնարարեց սեղմ ժամկետներում շտկել բոլոր արձանագրված թերություններն ու բացթողումները։
«2023 թվականի ընթացքում պետական աջակցությամբ, որպես առաջնահերթության, լուծելու ենք մարզի 44 հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդիրները։ Աշխատանքներ ենք տանելու, որպեսզի զգալի թվով դպրոցներ, հրատապ ծրագրերի շրջանակներում, օգտվեն վերանորոգման կամ գույքի ձեռքբերման ծրագրերից։ Հանձնարարում եմ հաջորդ եռամսյակի ընթացքում մարզպետարան ներկայացնել ձեր դպրոցներում առկա խնդիրների ցանկը, որպեսզի տարվա ընթացքում, պետական աջակցությամբ, այդ խնդիրները հասցնենք նվազագույնի, այդ թվում նաև դպրոցների բուժկետերի առկայության և կահավորման խնդիրները»,- նշեց մարզպետը։
Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաև մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքներին, մանկավարժների շրջանում կամավոր ատեստավորման գործընթացի խրախուսմանը, մանկավարժական կոլեկտիվների ներքին փոխհարաբերություններին, դպրոցներում դրամահավաքների բացառմանը, գնումների գործընթացի ճիշտ կազմակերպմանը, հաշվապահների աշխատակարգին և նրանց վերապատրաստմանը, այլ թեմաների։
Մարզպետարանի կրթության, առողջապահության և ֆինանսական ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները խոսեցին դպրոցական ավարտական քննությունների ձևաչափում կատարված փոփոխությունների, միասնական քննական կենտրոնների կահավորման, դասաբաշխումների ճիշտ կատարման, դպրոցական օլիմպիադաների մեկնարկի, դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովման, տնօրենների և ուսուցիչների մրցույթները առանց բացթողումների անցկացման, ֆինանսական գործընթացի ճիշտ պլանավորման և վերահսկողության, ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և այլ խնդիրների մասին։
Մարզի մի շարք դպրոցների տնօրեններ իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՀ կառավարությանը և Գեղարքունիքի մարզպետին՝ իրենց ղեկավարած կրթօջախներում իրականացրած բազմաբնույթ շինվերանորոգման աշխատանքների և կահավորումների համար։
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին, ապա շնորհավորեց նրանց գալիք ամանորի առթիվ։