Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ամփոփեց մարզի բուժհիմնարկների կողմից ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը
23.12.2022
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում հանդիպում կազմակերպեց մարզային ենթակայության բուժհիմնարկների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ընթացքում բուժհիմնարկների կողմից կատարված աշխատանքները և 2023 թվականի համար նախատեսվող անելիքները։
Մարզպետը նախ խոսեց մարզի բուժհիմնարկների վերազինման մասին, նշելով, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով 2022 թվականին մարզին հատկացրել է ավելի քան 244 միլիոն դրամ, որպեսզի բուժհիմնարկները՝ բուժսարքավորումների բացակայության հետ կապված խնդիրները հասցնեն նվազագույնի։
«Մենք նմանատիպ ծրագիր ունենք նաև 2023 թվականի համար, ուստի առաջարկում եմ ներկայացնել ձեր բուժհաստատությունների համար անհրաժեշտ այն բուժսարքավորումների պահանջը, որոնց համալրումը կնպաստի, որպեսզի մեր ազգաբնակչությունն ավելի որակյալ բուժծառայություն ստանա և չձգտի ամեն մի չնչին խնդրի համար հասնել մայրաքաղաք։ 2023 թվականի ընթացքում նաև երեք նոր բուժամբուլատորիաների կառուցման ծրագրի կիրականացվի մարզի Դպրաբակ, Լճափ և Ծակքար բնակավայրերում, կվերանորոգվի կամ նոր հիվանդանոցի շենք կկառուցվի Վարդենիսում, կհիմնանորոգվի Գավառի պոլիկլինիկայի շենքը։ Այս և այլ ծրագրերի իրականացման շնորհիվ մենք ձգտում ենք, որպեսզի մարզի առողջապահության ոլորտը զարգացում ապրի, գրանցվեն նոր հաջողություններ և ձեռքբերումներ»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Մարզպետն անդրադարձավ նաև բուժհաստատությունների նեղ մասնագետների ընդգրկվածությանը, բուժամբուլատորիաների ֆինանսական գործունեությանը, գնումների գործընթացի կազմակերպմանը, մարզպետարանի կողմից իրականացված աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքներին, նշելով, որ հարկավոր է ջանք ու եռանդ չխնայել արձանագրված խնդիրների շտկման համար։
Մարզի բուժհիմնարկներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Նա խոսեց վարչության կողմից մի շարք բուժհիմնարկներում աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման, բուժհիմնարկների տնօրենների աշխատաժամանակի, բուժաշխատողների հաճախումների, հաշվապահների վերապատրաստման գործընթացի կազմակերպման, փաստաթղթաշրջանառության, դեղորայքի բաշխման, դեղատոմսերի դուրսգրման, հումանիտար և մարդասիրական դեղորայքի հասցեական տրամադրման, պատվաստումային գործընթացի և արդյունքների, հետազոտությունների պատասխանների ձևակերպման, բուժաշխատողների կրեդիտավորման, շտապօգնության ծառայությունների գործունեության, զոհված, վիրավոր զինծառայողների և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների անդամների բուժօգնության կազմակերպման, այլ խնդիրների մասին։
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատասխանեց բուժհիմնարկների տնօրենների կողմից բարձրացված հարցերին, ապա շնորհակալություն հայտնեց այն բուժհաստատությունների տնօրեններին, ովքեր ընթացիկ տարում ցուցաբերել են բարձր պատասխանատվություն և իրականացրել բարեխիղճ աշխատանք։
Մարզպետը շնորհավորեց ներկաներին գալիք ամանորի առթիվ։