Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին
23.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։
Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում եւ բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։ Այդ ուղղություններում ներդրվող ծրագրերը նպաստելու են հիդրոօդերեւութաբանական ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, ջրային ավազանների եւ էկոհամակարգերի, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բարելավմանը, աղետի ռիսկերի կառավարմանը եւ Սեւանա լճից իրականացվող ջրառի նվազեցմանը։
Աշխատանքներ են տարվում նաեւ մարզի ազդարարման մեկ ընդհանուր համակարգի ստեղծման ուղղությամբ։
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մինչեւ 2023 թվականի հունվարի կեսերը լիովին արդիականացվում են Գեղարքունիքի մարզի հիդրոօդերեւութաբանական կայանները, իսկ մինչեւ տարեվերջ Ճամբարակ համայնքում Գետիկ գետի վտակների վտանգավոր հատվածներում կիրականացվեն սելավատարների մաքրման եւ գաբիոնապատման աշխատանքներ, «Գեղարքունիք-2» ջրամբարում սոնոգրաֆիկ ուսումնասիրությունից հետո կմշակվի առաջարկությունների փաթեթ՝ ջրամբարի շահագործման անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, կմշակվի «Կլիմայի փոփոխության եւ հարմարվողականության Գեղարքունիքի մարզային պլանը։
Այնուհետ համատեղ քննարկում ծավալվեց «Էկոտուրիզմի խթանումը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում» ծրագրի շուրջ, որի գործընկերը ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, դոնոր կառույցը՝ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների արտաքին գործողություների հարցերով պատվիրակությունը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է տալ 2023 թվականի հունվարին եւ ավարտի հասցնել 2025 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 650 հազար եվրո։
Ծրագրով նախատեսվում է ձեւավորել հայ-ֆրանսիական համատեղ աշխատանքային խումբ, ընտրել արշավային տուրիզմի առնվազն 10 ուղղություն Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում։ Էկոարշավային տուրիզմի համար կհստակեցվեն արահետները, թեմատիկ ուղղությունները, անհրաժեշտ գույքն ու հանդերձանքը, անվտանգության կանոններն ու կանխարգելիչ միջոցառումները, հանգստի գոտիներն ու ավտոմատ գրանցման կետերը, անմիջական կապ կապահովվի փրկարար ծառայության հետ։ Կներդրվեն ուսումնական ծրագրեր՝ ուղեկցող խմբերի վերապատրաստման եւ լիցենզավորման, այլ պահանջված ուղղությունների համար։ Ծրագիրը մեծապես կխթանի հյուրատնային բիզնեսի զարգացմանը, համայնքներում զբոսաշրջային կյանքի ակտիվացմանը, բնակչության զբաղվածության խնդրի կարգավորմանը եւ կայուն եկամուտների ապահովմանը, քանի որ արշավային տուրիզմի հետ կապված ծրագրերը նախատեսվում է իրականացնել տարվա բոլոր եղանակներին։
Ներկայացված բոլոր ծրագրերն էլ կենսական նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզում աղետների ռիսկերի կառավարման, մեկ ընդհանուր ազդարարման համակարգի ներդրման, հիդրոօդերեւութաբանական կայանների, ոռոգման համակարգերի արդիականացման, զբոսաշրջության զարգացման եւ մի շարք այլ տեսանկյուններից։
Նշեմ, որ Գեղարքունիքի մարզպետարանը արել եւ անում է հնարավորը՝ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու, այդ ոլորտներում նոր գաղափարներ առաջ քաշելու եւ իրականացնելու համար։