Նորություններ
Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով
22.12.2022
Պետական միջոցների հաշվին եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը վերազինվեց ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ 2 «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենաներով, 1 ռեանոմոբիլով եւ 1 «Պատրիոտ» ամենագնաց մեքենայով։
Տեխնիկական նորագույն միջոցների տրամադրման նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն ժամանեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրան ուղեկցում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանը։ Նախարարին դիմավորեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը , Վահան Զարոյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, վարչության աշխատակիցներ։
Արմեն Փամբուխչյանը նորագույն տեխնիկական միջոցներով վերազինվելու կապակցությամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետին եւ աշխատակիցներին եւ հավաստիացրեց, որ առաջիկայում եւս, կախված ստեղծված հնարավորությունից, կշարունակվեն տեխնիկական վերազինումները։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Գալստյանի հավաստմամբ՝ նորագույն հրշեջ մեքենաներից մեկը տրամադրվելու է Ճամբարակի, մյուսը՝ Վարդենիսի հրշեջ ծառայություններին։ «Պատրիոտ» ամենագնաց մեքենան եւս հատկացվում է Վարդենիսի հրշեջ տեղամասին՝ կենցաղային կանչերի սպասարկման համար, իսկ շտապ օգնության ռեանոմոբիլ ավտոմեքենան մնում է Գավառում, փրկարարական վարչության տրամադրության տակ՝ արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակով։
«Տրամադրված նորագույն տեխնիկական միջոցները չափազանց պահանջված էին մեր ստորաբաժանումների արդյունավետ գործունեության համար։ Թե՛ հրշեջ մեքենաները , թե՛ ռեանոմոբիլ եւ ամենագնաց մեքենաները բարձրացնելու են մեր ծառայության արդյունավետությունը, կանչերի սպասարկման արագությունն ու որակը, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում հայրենի կառավարությանը եւ ԱԻ նախարարին»,-նշեց Գեղարքունիքի մարզային փրկարարան վարչության պետ Գեւորգ Գալստյանը։