Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի ժողովրական հանրապետության դեսպան Ֆան Յոնգին

13.12.2022

Դեկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ճանաչողական այցով մարզ ժամանած Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, ռազմական կցորդին, այլ պաշտոնյաների։ Հանդիպմանը ներկա էր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ առաջին անգամ Գեղարքունիքի մարզ այցելելու համար և նշեց, որ այն լավագույն սկիզբ կարող է հանդիսանալ կողմերի միջև համագործակցության ստեղծման և զարգացման համար։ Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի պատմությունը, խոսեց ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող բազմոլորտ ներդրումային ծրագրերի, ստացված արդյունքների, մարզի տնտեսության, հնարավորությունների, ներուժի մասին, ներկայացրեց ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակի մասին, հույս հայտնելով, որ Չինաստանը ևս կաջակցի՝ մարզի սահմանային հատվածներում ստեղծված անվտանգային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն։ «Ինչպես գիտենք, այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, չնայած որ հայ-չինական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Վերջին 30 տարիների ընթացքում հայ-չինական համագործակցությունը կայուն զարգացում է ապրել և ես շատ կցանկանամ, որ ապակենտրոնացված որևէ համագործակցություն էլ ստեղծվի Գեղարքունիքի մարզի և Չինաստանի Հանրապետության որևէ մարզի կամ քաղաքի միջև։ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է այդ համագործակցության համար ստեղծել վստահելի հարթակ և իրականացվող ծրագրերին աջակցել հնարավորության և լիազորության սահմաններում», նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ընդունելության և արդյունավետ զրույցի համար և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել կողմերի միջև ապակենտրոնացված համագործակցության ստեղծմանը։
«Իհարկե վերջին 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են գտնվում։ Մենք Հայաստանի հետ ունենք տնտեսության ամենատարբեր ոլորտներում ստեղծված համագործակցություն և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի հնարավորություններն ու ներուժը՝ շատ կցանկանանք նոր ձևավորվելիք համագործակցությունը տեսնել հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում»,- նշեց ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ ՉԺՀ դեսպանը և նրա ղեկավարած պատվիրակությունը Գավառի գյուղատնտեսական քոլեջում դիտարկեցին կաթի և կաթնամթերքի վերամշակման, ավտոտրանսպորտային, անատոմայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիաների գործունեությունը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում մասնակցեցին տեղի դպրոցականների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված պատմական ակնարկի ներկայացմանը՝ նվիրված Չինաստանի Հանրապետության պատմությանը և մշակույթին, խոստանալով կազմակերպել թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից չինարեն լեզվի ուսուցման գործընթացը, դպրոցին տրամադրել չինական գրականություն, խրախուսել լավագույն աշակերտների։
Այցը եզրափակվեց Գավառի Արծվաքար թաղամասում գործող Միքայելյանների ընտանեկան պանրի արտադրամասում, որտեղ հուրերը ծանոթացան տեղում արտադրվող պանրի տեսականիների պատրաստման եղանակներին։
Հայաստանում Չինաստանի ժողովրական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը կայցելեն Հայաստանում Չինաստանի Ժողովրական Հանրապետության դեսպանատուն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38