Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցությունը
05.12.2022
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Ներկայացվեց տեղեկատվություն համայնքներում չիրականացված սուբվենցիոն ծրագրերի և պատճառների, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերում նորոգման ընթացքում գտնվող բնակարանների թվի, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի գնման գործընթացի վերաբերյալ։
Քննարկվեց մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերին, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի ջեռուցման աշխատանքները կազմակերպելու համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացին, Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակարաններից զրկված մի քանի ընտանիքների կացության և ձմեռացման համար աջակցություն ցուցաբերելուն, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումներն ապահովելուն, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի վերաբերող հարցեր։
Զեկուցվեց մարզի համայնքների բնակավայրերում աշնանացանի ընթացքի, առկա խնդիրների և մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վիճակի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի արդյունքների, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վաձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու, այլ մարզերի բնակիչների կողմից Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության տրամադրման մասին։
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժի, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի այլ բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձաց ընտանիքների թվի, Վարդենիս համայնքի բնակավայրերի բնակիչներին տարբեր կարգի օգնություն և աջակցություն ցուցաբերած կազմակերպությունների թվի, այլ հանձնարարականների կատարման մասին։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց նոր հանձնարարականներ՝ կապված մարզի ճանապարհների ձմեռային սպասարկման գործընթացի վերահսկման, առաջիկայում անցկացվելիք տարեվերջյան մարզի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների կողմից տարեկան հավետվությունների պատրաստման, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հիմնարկների տնօրենների հետ նախատեսվող հանդիպման, մարզում ընթացքի մեջ գտնվող հրատապ ծրագրերի, այլ թեմաների վերաբերյալ։