Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

03.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Դեկտեմբերի 2-ին Գավառ համայնքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ դիտարկեցի ՀՀ կառավարության կողմից 2021-22 թվականներին իրականացված կամ իրականացման փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Այցի առաջին կանգառը Բուռնազյան փողոցում էր, որտեղ ավարտվել են ճանապարհի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2021 թվականին։ Ասֆալտապատվել է 1,1 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհ՝ 8700 քառակուսի մետր մակերեսով։ 5700 քառակուսի մետր մակերես էլ կազմում են ասֆալտապատ մայթերը։ Բուռնազյան փողոցի վրա են գտնվում Գավառի թիվ 2 նորակառույց դպրոցի եւ թիվ 7 մանկապարտեզի շենքերը։
Այցի երկրորդ կանգառը Գավառի թիվ 7 մանկապարտեզում էր, որտեղ այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում այս տարի հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 174 միլիոն 49 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա հոկտեմբեր ամսին եւ կավարտվի 220 օրացուցային օրվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում գործող մանկապարտեզում կավելանա եւս 120 տեղ, որով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան Գավառի Հացառատ թաղամասի բոլոր երեխաները։
Ապա Սարուխան գյուղում դիտարկեցի թիվ 1 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսից եւ դեռեւս գտնվում են ընթացքի մեջ։
Այստեղ որոշակի դժգոհություններ կային՝ կապված շինարարության որակի հետ։ Եղան համապատասխան դիտողություններ եւ ցուցումներ շինարարին՝ սեղմ ժամկետներում շտկելու նկատված թերությունները։
Այցի հերթական կանգառը Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզում էր, որտեղ ավարտվել է հաստատության մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 84 միլիոն 874 հազար դրամ, 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են 2020-2021 թվականների ընթացքում, ինչի արդյունքում գործող 3 խմբերի 60 սաների համար ապահովվել են լավագույն ու ժամանակակից պայմանները։ Նախատեսվում է բացել չորրորդ խումբը, որի սաներն արդեն հերթագրվել են։
Ծրագրի իրականացման շնորհիվ եւ Գավառի համայնքապետարանի միջոցների ներդրմամբ մանկապարտեզի շենքի հարմարավետ տարածք է տեղափոխվել Արծվաքար թաղամասի գրադարանը, որը նախկինում գործում էր Արծվաքարի մշակույթի տանը՝ անբարվոք պայմաններում։
Այցի վերջին կանգառը Գավառի մշակույթի տան շենքում էր, որտեղ ավարտին են մոտենում կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 109 միլիոն 944 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերից եւ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմանորոգվել է դահլիճն ամբողջությամբ, կոնֆերանսների դահլիճը, աշխատասենյակներ, սանհանգույցները, ձեւափոխվել է շենքի երկու մուտքերի արտաքին տեսքը։
Այս դիտարկումների հիմնական նպատակը մեկն էր՝ ստուգելու նախորդ մշտադիտարկումների ժամանակ տրված ցուցումների եւ հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները։ Որոշ տեղերում արդեն շտկված էին նկատված սխալներն ու թերացումները, որոշ տեղերում էլ հարկ եղավ նոր ցուցումների ու հանձնարարականների իջեցումը, որպեսզի բոլոր աշխատանքները հանձնվեն անթերի ու ենթակա լինեն վճարման։
Ընդհանուր առմամբ, գոհ եմ աշխատանքների ընթացքից։ Իսկ սուբվենցիոն, ինչպես նաեւ պետական միջոցներով իրականացվող մյուս ծրագրերի մշտադիտարկումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ դրանք առավել նպաստում են շինաշխատանքների արդյունավետ կատարմանը, ի հայտ եկած խնդիրների բացահայտմանն ու կարգավորմանը, նկատված թերացումների ու սխալների ուղղմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38