Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի 2021-2022 ուսումնական տարվա գերազանցության ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին
11.11.2022
Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ, գերազանցության ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին, նույն դպրոցի տնօրենին և Անիին դասավանդած 12 մանկավարժների։
Մարզպետ Կարեն Սարգսյանը նախ շնորհավորեց Անի Պողոսյանին՝ «Ուսման մեջ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին արժանանալու համար, ապա շնորհակալություն հայտնեց մանկավարժական կոլեկտիվին և դասավանդող մանկավարժներին՝ կրթության և դաստիարակության գործը լավագույնս կազմակերպելու համար։ «Այս առիթը մեծ ձեռքբերում է և Անիի ընտանիքի և Ծովագյուղի միջնակարգ դպրոցի և իհարկե Գեղարքունիքի մարզի համար։ Շատ կցանկանամ, որ նման հաջողություններ ունենան մարզի շատ դպրոցներ, ինչը կնպաստի թե տվյալ դպրոցի և թե մարզի ճանաչելիության ընդլայնմանը։ Բարձր եմ գնահատում Անիի աշխատասիրությունը ու նաև մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը, քանզի նման սաներ ունենալը արդյունք է նվիրյալ մանկավարժների ջանադիր աշխատանքի։
ՀՀ կառավարությունն այսօր հանրակրթության ոլորտում իրականացնում է մի շարք բարեփոխումներ և ես շատ կցանկանամ, որպեսզի մեր մանկավարժները համարձակ քայլեր անեն՝ այդ հնարավորությունից օգտվելու համար»,- իր խոսքում նշեց մարզպետը։
Այնուհետև մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Ծովագյուղի՝ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ, գերազանցության ոսկե մեդալակիր՝ Անի Պողոսյանին և մատաղ սերնդի կրթության գործում ունեցած ավանդի և անբասիր աշխատանքի համար՝ հանդիպման մասնակից մանկավարժներին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն, իր խոստմանը համաձայն, մեդալակիր աշակերտ ունենալու համար Անի Պողոսյանին դասավանդող մանկավարժներին ներկայացրեց նաև դրամական խրախուսանքի, այդ առթիվ Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի երկու դասասենյակ էլ կհամալրվի նոր գույքով և անհրաժեշտ պարագաներով։
Ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ուշադրության և գնահատականի համար, նշելով, որ դրանք պարտավորեցնում են ավելի մեծ պատասխանատվությամբ լծվել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին։
Հանդիպման ավարտին մարզպետը մանկավարժներին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու այն խնդիրները, որոնց կարգավորումը կարող է նպաստել դասապրոցեսի ավելի առարկայական կազմակերպմանը։








