Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Միշել-Ալե-Էգայան» պարային համույթի ղեկավարներին

04.11.2022

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբեր 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Միշել-Ալե-Էգայան» պարային համույթի հիմնադիր Միշել-Ալե-Էգայանին, նույն համույթի տնօրեն Բրունո Միաշոնին և Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցին։ Վերջիններս մարզպետին ներկայացրին Հայաստանում և մասնավորապես Գավառ և Սևան համայնքների արվեստի դպրոցների հետ ունեցած համագործակցության և իրականացվող ծրագրերի մասին։ Ինչպես նշվեց, Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 5-րդ տարին է, ինչ ֆրանսիական «Միշել-Ալե Էգայան» պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաների և ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից ուսանողների շրջանում։
«Մենք աշխատում ենք մանկավարժական աշխատանքը զուգակցել արտիստիկ-դերասանական աշխատանքի հետ։ Այդ գաղափարը կյանքի ենք կոչում ֆրանսիայի մշակութային կյանքում և փորձում ենք այն տեղափոխել նաև Հայաստան՝ Գեղարքունիքի մարզ։ Արդեն 12 օր է՝ Հայաստանում ենք և աշխատում ենք Գավառի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ բեմականացնել պարային ներկայացումներ, որոնք, համոզված եմ, առաջիկայում կներկայացնենք հանդիսատեսին։ Ունենք բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր, և կցանկանանք դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել մարզպետարանի և մեզ հետ համագործակցող մշակութային հաստատությունների ղեկավարների հետ։ Մենք ցանկանում ենք նաև համագործակցություն ստեղծել Գեղարքունիքի մարզի և մայրաքաղաքի մեր գործընկերների միջև՝ Գեղարքունիքի մարզի դասավանդողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր աշխատանքը արժանանում է Ձեր ուշադրությանը, և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ մեր համագործակցության ընդլայնման հարցում»- նշեցին պարային համույթի ղեկավարները։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց հյուրերին՝ կրկին մարզ այցելելու և տարբեր համայնքների հետ մշակութային համագործակցություն ծավալելու համար, նշելով, որ պատրաստ է ֆրանսիական կողմի հետ քննարկել նաև առաջիկա տարիներին մարզի համար նախատեսվող նոր գաղափարներն ու ծրագրերը։
«Պատրաստակամ ենք մշակութային ծրագրերի առումով ևս ընդլայնել մեր համագործակցությունը և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել համապատասխան աջակցություն։ Գեղարքունիքի մարզում արդեն տևական ժամանակ է, ինչ նման ծրագրեր է իրականացվում «Միշել-Ալե Էգայան» պարային համույթի մասնագետների կողմից և ուրախ եմ, որ մարզի պարուսույցները ևս հնարավորություն կունենան վերապատրաստվելու և նոր փորձ ու գիտելիք փոխանցելու մեր սերունդներին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52