Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ կազմակերպվեց քննարկում մարզի ազդարարման համակարգի արդիականացման հարցերի շուրջ

02.11.2022

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի «Աղետների ռիսկերի կառավարման ծրագրի» համակարգող Արմեն Չիլինգարյանին եւ «Լոկատոր» կազմակերպության ազդարարման համակարգերի մասնագետ Սմբատ Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը։
Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի առջեւ լրջորեն ծառացած է ազդարարման համակարգի արդիականացման խնդիրը, որի կարգավորումը հրատապ ու առաջնահերթ է թե՛ քաղաքացիական պաշտպանության ապահովման, թե՛ աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից։
ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի «Աղետների ռիսկերի կառավարման ծրագրի» համակարգող Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց այն մոտեցումները եւ ծրագրերը, համագործակցության քայլերը եւ ուղղությունները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հարցի հրատապ ու արդյունավետ կարգավորումը։ «Գեղարքունիքի մարզում մեր կազմակերպությունն ունի համագործակցության ու դիտարկումների հարուստ փորձ, աղետների ռիկսերի կառավարման եւ նվազեցման ծրագրերի ներդրման պատրաստակամություն, եւ այս հանդիպումն էլ տեղավորվում է այդ շրջանակներում։ Մենք հիմա կարեւորում եւ դիտարկում ենք ջրամբարների անվտանգության խնդիրը, եւ, Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, սկանավորման միջոցով իրականացնում ենք ջրամբարների հարամիների եւ ընդերքի խնդիրների բացահայտում եւ գնահատում՝ հրատապ լուծումներ առաջարկելով այդ խնդիրների կարգավորման համար։ Առհասարակ, ազդարարման արդի համակարգը չի ենթադրում միայն ձայնային ազդարարման երկու ավանդական ձեւերը։ Հարկավոր է ազդարարման համակարգում ընդգրկել սելավների, սողանքների, անտառային կամ այլ կարգի հրդեհների, փլուզումների վտանգի դեպքերը՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը, տեղեկատվության տարածման բոլոր հնարավոր միջոցները։ Մենք համատեղ կգնահատենք բոլոր կարիքները եւ կփորձենք սեղմ ժամկետներում հասնել մեր նպատակներին»,-ներկայացրեց Արմեն Չիլինգարյանը։
Մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ մարզի ազդարարման համակարգի արդիկանացման բոլոր քայլերին ու ծրագրերին պահանջվող աջակցությունը ցուցաբերելու համար։ «Այս հարցը օրակարգային կդառնա առաջիկա մարզխորհրդի նիստում։ Համատեղ կքննարկենք խնդիրները ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, համայնքների ղեկավարների հետ, կփրորձենք գտնել արագ ու արդյունավետ լուծումներ։ Վստահ եմ, որ առաջիկայում մեր համատեղ քայլերի շնորհիվ Գեղարքունիքի մարզը կունենա մեկ կենտրոնից կառավարվող ազդարարման արդիականացված համակարգ»,-նշեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52