Նորություններ
Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց
31.10.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց, շահագործման է նախապատրաստվում մանկապարտեզի նորակառույց շենքը։
Նշված կառույցներում աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել եմ Զոլաքարի շինհրապարակներ։
Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 119 միլիոն 760 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում 8200 գծամետր երկարությամբ, մի քանի թաղամասերում։ Ծրագրի իրականացման արդյունքում մշտական խմելու ջրով կապահովվեն Զոլաքարի 270 տնտեսություններ։ Արդեն իսկ կառուցվել է ավելի քան 2 կիլոմետր ջրագիծ, մնացած թաղամասերում շարունակվում են շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտի հասցնել մինչեւ տարեվերջ։
Զոլաքարի գազատարի վերգետնյա ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 860 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է գազաֆիկացնել 13 եւ 15-րդ թաղամասերի բնակարանները։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 150-200 ընտանիք։ Շինարարական աշխատանքները կատարվել են մոտ 10 տոկոսով։ Դրանք ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։
Զոլաքարի մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից եւ ավարտի կհասցվեն 2022 թվականի նոյեմբերի վերջերին։ Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 340 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը։ Այժմ այստեղ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, իսկ գույքի ձեռքբերումից եւ այլ կարգի աշխատանքների ավարտից հետո, հավանաբար 2023 թվականից, Զոլաքարի 150 տեղանոց մանկապարտեզն իր դռները կբացի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ։
Այցի ընթացքում զրուցել եմ շինարարների հետ, ծանոթացել շինարարության ժամանակ ի հայտ եկած հիմնախնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ եւ առաջարկություններ՝ սեղմ ժամկետներում դրանք շտկելու համար։
Աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկետների մեջ, դիտարկման արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են։ Բոլոր ծրագրերն էլ առաջնահերթ նշանակություն ունեն բնակչության սոցիալ-տնտեսական կարիքների բավարարման տեսանկյունից։ Մարդիկ տասնամյակներով սպասել են խմելու ջրի որակյալ եւ շուրջօրյա մատակարարման ապահովմանը, մանկապարտեզի գործունեության վերսկսմանը, բնական գազից օգտվելու հնարավորությանը։ Նշված խնդիրների կարգավորումը հիմա ոչ թե իրատեսական է, այլ նաեւ առարկայական ու տեսանելի, ու շատ շուտով զոլաքարցիները ականատես ու մասնակից կլինեն այս կարեւոր կառույցների բացման արարողություններին։ Առաջիկա տարիներին եւս Զոլաքարում սուբվենցիոն եւ այլ ծրագրերի ներդրմամբ լուծում կստանան բնակչության առջեւ ծառացած մյուս հիմնախնդիրները։