Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Արծվանիստ բնակավայրում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
28.10.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 16-րդ փողոցը, ոռոգման համակարգ է կառուցվում «Կասագոր» կոչվող տարածքում։
Շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել եմ Արծվանիստի համապատասխան շինհրապարակներ։
Ինչպես ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը՝ Արծվանիստի 16-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 36 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել դեպի գյուղի միջնակարգ դպրոց տանող ճանապարհի 400 գծամետրանոց հատվածը՝ շուրջ 2 հազար քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման համակարգերի տեղադրմամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
Ծրագրի իրականացման արդյունքում երեխաներն արդեն դպրոց են հաճախում միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհով՝ ազատվելով նախկինում քարուքանդ, ցեխոտ կամ փոշոտ ճանապարհով անցնելու տհաճ իրավիճակներից։ Ճանապարհաշինական աշխատանքներն Արծվանիստում ավարտի կհասցվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Արծվանիստի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 26 միլիոն 684 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման ջրատարը կառուցվում է «Կասագոր» կոչվող հատվածում, 724 գծամետր երկարությամբ, երկաթբետոնյա վաքերով։ Շինարարական աշխատանքներն ավարտված են մոտ 70 տոկոսով։ Լեռնային այս հատվածում, 700-800 մետր երկարությամբ հողե առվով հոսող ջուրը գրեթե ամբողջովին ներծծվում էր հողի մեջ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո արդեն ոռոգման ջուրը Արծվանիստի տնտեսություններին կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։ Նոր կառուցվող ջրատարից օգտվում են Արծվանիստ գյուղի բոլոր տնտեսությունները։ Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ, իսկ 2023 թվականի ոռոգման շրջանից նորակառույց ջրատարն արդեն կծառայի իր նպատակներին։
Ծանոթացա շինարարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ եւ առաջարկություններ, սխալների շտկման ուղղությամբ տվեցի համապատասխան հանձնարարականներ։
Երկու ծրագրերն էլ կենսական նշանակություն ունեն Արծվանիստի բնակչության համար։ Դրանց իրականացման արդյունքում մանկավարժները եւ հարյուրավոր երեխաներ վերջապես դպրոց են հաճախում արդեն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհով, իսկ գյուղի բոլոր տնտեսությունները եկող տարվանից ոռոգման ջուրը ստանալու են անկորուստ եւ ժամանակին։ Առաջիկա տարիների ընթացքում եւս Արծվանիստում կներդրվեն կենսական նշանակության նոր ծրագրեր, որոնք կբարձրացնեն կյանքի որակը, կնպաստեն բնակավայրի արդիականացմանը, զարգացմանն ու առաջընթացին։