Նորություններ
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում
20.10.2022
Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022 թվականի մայիս ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ երկու հազար պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք մայիսի 6-23-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:
Հոկտեմբերի 19-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի է ունեցել դպոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1, Ճամբարակի թիվ 1, Վարդենիսի թիվ 4, Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:
Մրցումները անցկացվել են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավար Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյան:
Մրցումների արդյունքում 11 միավորով հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան):
Թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարով Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 և Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցիների թիմերը հավաքել են հավասար միավորներ, սակայն թիմային միավորների հանրագումարի ցուցանիշով երկրոդ տեղը գրավել է Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի հավաքական թիմը, իսկ Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը` երրորդ տեղը:
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկակակ բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում: