Նորություններ
Ճամբարակի ավագ դպրոցի թիմը ճանաչվել է ռազմամարզական խաղերի մարզային փուլի հաղթող
17.10.2022
Գեղարքունիքի մարզում ավարտվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային և մարզային փուլերի մրցումները:
Այն նպատակ ուներ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապելակերպի արմատավորմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակմանը, նպաստելու դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական աշխատանքների բարելավմանը:
Ռազմամարզական խաղերի ներդպրոցական փուլը անցկացվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 25-ը: Խաղերի ծրագրում ներառվել են ուսումնական նռնակի նետում, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից, 1000 մետր կրոսավազք, հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում վարժությունները:
Ներդպրոցական փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որի կազմում ընդգրկվել են 9 մարզիկներ: Թիմերը սեպտեմբերի 29-30-ին մասնակցել են Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Սևանում և Ճամբարակում կազմակերպված համայնքային փուլի մրցումներին: Այդ փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը հոկտեմբերի 14-ին մասնակցել են Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում կազմակերպված մարզային փուլի մրցումներին:
Մրցումներն ավարտվել են Ճամբարակի ավագ դպրոցի թիմի հաղթանակով: Երկրորդ հորիզոնականը զբզղեցրել է Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդը՝ Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցանակայն տեղեր գրաված թիմերին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր:
2022 թվականի հոկտեմբերի 25-28-ն անցկացվող ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում մարզը կներկայացնի Ճամբարակի ավագ դպրոցի թիմը: