Նորություններ
Գեղարքունիքի մարզում կիրականացվի «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը
17.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի և Գավառ քաղաքներում հոկտեմբերի 19-21-ը տեղի կունենան դասախոսություն-հանդիպումների հայտնի արվեստագետների՝ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի, երգիչ Վարդան Բադալյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանի հետ: Հանդիպումներին կմասնակցեն մարզի 23 դպրոցի 338 աշակերտ և 23 ուղեկցող անձ։
«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակներում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ:
Ծրագրին կմասնակցեն շուրջ 3500 դպրոցականներ 450 դպրոցներից՝ թե՛ Երևանից, թե՛ ՀՀ մարզերից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն են ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխանին նվիրված հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: