Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին և գրասենյակի ներկայացուցիչներին

14.10.2022

Հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին, նրա օգնական Գայանե Նասոյանին, նույն կազմակերպության ծրագրերի համակարգողներ Զարուհի Բեգլարյանին և Վահան Ամիրխանյանին։
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նախ խոսեց այն կարճաժամկետ ծրագրերի մասին, որոնք իրենց կազմակերպության կողմից իրականացվել են մարզում և փորձեց տեղեկանալ առավել ընդգրկուն խնդիրների մասին, որոնք կլինեն երկարաժամկետ ու դարձյալ կֆինանսավորվեն իրենց կազմակերպության կողմից։
«ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի մարզի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետևանքով: Այս աջակցությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների միասնական հիմնադրամի» աջակցությամբ: Հակամարտությունից տուժած կամ տեղահանված ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրից Գեղարքունիքի մարզում օգտվել է 94 տեղահանված և 7 հյուրընկալող տնային տնտեսություն։Գեղարքունիքի մարզում մինչև 5 խոշոր եղջերավոր անասուն ունեցող շահառուներին տրամադրվել են 22,202 կգ համակցված կեր, իսկ այն ընտանիքներին, ովքեր չեն հասցրել իրենց գյուղատնտեսական ակտիվները տեղափոխել, տրամադրվել են ՝ 1766 թռչնամիս և համակցված կեր։ Մինչև տարեվերջ ծրագրի շահառուներին նախատեսվում է տրամադրել 26 640 կգ հավելյալ քանակությամբ համակցված կեր և 9960 կգ թռչնակեր։ Նախատեսված է 105 տոննա աշնանացան ցորենի սերմացու տրամադրել մարզի 423 անապահով ընտանիքների, որոնցից 305 ընտանիք արդեն ստացել է իր հասանելիքը՝ Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս համայնքներում։ Սակայն մարզում իրականացված այս և այլ ծրագրերից զատ, մենք ցանկանում ենք տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կան մարզում այս պահին և ինչով կարող ենք աջակցել տուժած տնտեսություններին՝ առավել երկարաժամկետ ծրագրերի իրականացման տեսանկյունից»,- իր խոսքում նշեց Ռայմունդ Յելեն։
Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու համար, և իր երախտագիտությունը հայտնեց՝ ստեղծված իրավիճակում մարզի կողքին լինելու և գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերած տարատեսակ աջակցությունների համար։ «Շնորհակալ եմ, որ հետաքրքրված եք մարզի խնդիրներով և հատկապես վերջին հրետակոծությունից տուժած տնտեսություններին ձեռք մեկնելու և աջակցություն ցուցաբերելու համար։ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքներն ակտիվ համագործակցություն են ծավալում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ, և համոզված եմ, որ այդ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Ձեր կազմակերպության կողմից վերջին շրջանում տրամադրած աշնանացան ցորենի սերմացուի ավելի քան 70 տոկոսը արդեն տրամադրվել է մարզի շահառու տնտեսություններին՝ մասնավորապես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վարդենիսցիներին, և համոզված եմ, որ այն հնարավորինս կբարելավի այդ տնտեսությունների սոցիալական վիճակը։ Սակայն ցանկանում եմ տեղեկացնել, որ հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերի բնակիչներ խնդիր ունեն ինչպես բերքահավաքի, այնպես էլ աշնանացանի իրականացման հետ, քանի որ նրանց հողատարածքները անմիջապես գտնվում են հակառակորդի նշանառության տակ։ Մարզն այսօր ունի անվտանգային լուրջ խնդիր, և, հաշվի առնելով այդ խնդիները, ինչպես նաև եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ մարզում այս տարի գրանցվել է բերքի ստացման ցածր ցուցանիշ։ Իրավիճակին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն էլ իր հերթին, տարբեր ոլորտային ծրագրերի սուբսիդավորմամբ, աջակցել և շարունակում է աջակցել շահառու տնտեսություններին։ Պայմանավորված ռուս-ուկրիաինական հակամարտությամբ՝ մենք մտավախություն ունենք պարենի իրացման և ներկրման հարցում»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Այնուհետև կողմերը քննարկեցին մարզի խոշոր և մանր ֆերմերային տնտեսությունների գործունեության, նրանց կարիքների, այդ հարցում անհրաժեշտ աջակցության,պարենային խնդիրների լուծման, մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ներդրման մասին, կարևորվեց մարզում ոռոգման անձրևացնող համակարգերի ներդրման, ջրամբարների կառուցման, համայնքների գյուղատնտեսական տեխնիկաների ապահովման, տրամադրվող խորհրդատվական ծառայությունների գործունեությանը վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին Ռայմունդ Յելեն իր գոհունակությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ ունեցած արդյունավետ զրույցի համար և տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը կշարունակի աջակցել մարզի տնտեսություններին՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52