Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզի շախմատի հավաքական թիմը գրավել է երրորդ տեղը
14.10.2022
«Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 11-12-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել են շախմատի եզրափակիչ փուլի մրցումներ:
Այն նպատակ ունի նպաստելու մարզերում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և խթանելու առողջ կենսակերպի վարմանը:
Մրցումներին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը:
Թիմի կազմում ընդգրկվել են 3 տղա և 3 աղջիկ:
Գեղարքունիքի մարզի թիմի կազմում հանդս են եկել Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս), Սուրեն Մովսիսյանը (Վարդենիկ), Նարեկ Բազիկյանը (Գավառ), Մարի Պետրոսյանը (Վարդենիկ), Իռեն Մանուկյանը (Գավառ) և Լիլիա Զիրոյանը (Վարդենիկ):
Մրցումները անցկացվել են շրջանաձև մրցակարգով` 11 փուլով: Յուրաքանչյուր խաղափուլում խաղացողին տրվել է 10 րոպե ժամանակ` ամեն մի քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Երկօրյա մրցապայքարի արդյունքների ամփոփման արդյունքում Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը գրավել է երրորդ տեղը և պարգևատրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթով, իսկ թիմի անդամներին հանձնվել են փոքր գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: