Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
10.10.2022
Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները, ըստ ոլորտների, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների մասին։
Նախ քննարկվեց ռմբակոծության հետևանքով տուժած Վարդենիսի Այրքի և Սոթքի միջնակարգ դպրոցներում նորոգման աշխատանքներ իրականացնելու համար կատարված ֆինանսական վերաբաշխումներին, Վարդենիս համայնքի բնակավայրերի տուժած բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու ընթացքին, նույն համայնքի տուժած բնակավայրերի վնասված բնակարանների նորոգման աշխատանքների մեկնարկին, Վարդենիս համայնքի բնակավայրերի հեռավար ուսուցման անցած 6 դպրոցների առկա ուսուցման անցնելու և հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներին, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքին, մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերին վերաբերող հարցեր։
Ներկայացվեց մարզի համայնքներում բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող և չաշխատող անձանց տվյալների հավաքագրման և ամփոփման, մարզի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մարզային ենթակայության նախակրթարանների տնօրենների մասնակցությամբ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, Վարդենիս համայնքի բնակավայրերի բնակիչներին տարբեր կազմակերպությունների կողմից տարամադրված օգնության, տարհանված և մարզի այլ համայնքների բնակավայրերում ապաստանած ընտանիքների թիվի վերաբերյալ տեղեկատվություն։
Քննարկվեց նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, ինչի վերաբերյալ առանձին տեղեկատվություն ներկայացրին մարզպետարանից համայնքներին ամրակցված պատասխանատուները։ Մարզպետը հանձնարարեց հետևողական աշխատանք տանել՝ հնարավորինս սեղմ ժամկետում համայնքներում եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար։
Այնուհետև ներկայացվեց տեղեկատվություն մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված մշտադիտարկման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների, այդ ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի, մարզի համայնքների ղեկավարների կողմից տրված շինարարական թույլտվությունները՝ ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխանության, համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի վերաբերյալ։
Զեկուցվեց մարզի համայնքների՝ առանձնապես Վարդենիս և Ճամբարակ համայնքների բնակավայրերում իրականացվող բերքահավաքի, աշնանացանի ընթացքի և առկա խնդիրների, մարզի համայնքների ոռոգվող հողատարածքների, ջրաղբյուրների ելքերի և այդ ուղղությամբ Գեղարքունիք ՋՕԸ-ի հետ ունեցած առկա պայմանագրերի քանակի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակներում անվճար սերմացու տրամադրելու գործընթացի առաջնահերթության մասին։
Խոսվեց մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և արձանագրված թերությունների շտկման մասին։
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետից ստացան նոր հանձնարարականներ։










