Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Գեղարքունիքի մարզ

06.10.2022

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Նախագահին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպում ունեցավ Վարդենիս համայնքի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի մի շարք բնակավայրերում իրականացված հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները:
«Ինչպես արդեն գիտեք, վերջին հրետակոծության արդյունքում այս համայնքում տուժել է 12 բնակավայր, որոնցից առավել լուրջ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը։ Սոթքում տուժել է 148, Կութում՝ 12, իսկ Վերին Շորժայում՝ 2 բնակարան։ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի համայնքապետարանի համատեղ ուժերով նշված բնակավայրերում արդեն իրականացվել են գույքագրման աշխատանքներ, կազմվել են թերությունների ակտեր, որին արդեն հաջորդել են արձանագրված խնդիրների վերականգնմանն ուղղված ֆինանսական փոխանցումները։ Անում ենք հնարավորը, որպեսզի նշված բնակավայրերը արագ և արդյունավետ ոտքի կանգնեն։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Այս խնդիրների կարգավորման նպատակով ևս իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին, իսկ մինչ այդ մենք պետք է լուծենք այդ բնակիչներին կացարաններով ապահովելու խնդիրը»,- տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջարկեց առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն հայտնեց՝ իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել նշված խնդիրների լուծմանը:
Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում ունեցավ նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացավ վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցեց զինծառայողների հետ։
Այնուհետև ՀՀ նախագահը, Գեղարքունիքի մարզպետը և Վարդենիս համայնքի ղեկավարը Վարդենիս համայնքի երաժշտական դպրոցում հանդիպում ունեցան համայնքի հանրակրթական դպրոցների մանկավարժների հետ։

Նախագահը ողջունեց ներկաներին և շնորհավորեց նրանց՝ Ուսուցչի օրվա առթիվ։
«Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ՝ ձեր պատասխանատու աշխատանքի համար: Մենք միշտ ունենք ձեր կարիքը: Ձեր աշխատանքն անգնահատելի է, և ես անձամբ իմ և կառավարության անունից վստահեցնում եմ Ձեզ․ մենք ձեր կողքին ենք։ Մենք նաև ունենք պարտավորություններ ձեր հանդեպ, ձեր աշխատանքը գնահատելու, աջակցելու առումով»,- նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Որպես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ՝ ուսուցիչները հարց բարձրացրին պետության կողմից տրամադրվող լրացուցիչ սոցիալական արտոնություններից օգտվելու, դպրոցների շենքային պայմանների բարելավման, ուսուցիչների կամավոր ատեստավորման, վերապատրաստումների և այլ խնդիրների մասին։
Նախագահը վստահեցրեց, որ հնարավորությունների սահմաններում հետևողական է լինելու բարձրաձայնված խնդիրների լուծման հարցում:

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն ուսուցիչներին ներկայացրեց նաև կրթության ոլորտում բարեփոխումների կառավարության առաջիկա միջոցառումներն ու դպրոցների, մանկապարտեզների կառուցման ծրագրերն, ինչպես Վարդենիս համայնքում, այնպես էլ ողջ հանրապետությունում։
Նախագահը և մարզպետն այնուհետև այցելեցին Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայր, որտեղ ծանոթացան նոր կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին։
Պետական աջակցությամբ այստեղ կառուցվում է փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցական նոր շենք՝ բնակավայրի 68 աշակերտների համար։ Շինարարական ծրագրի արժեքը կազմում է շուրջ 684 միլիոն դրամ։ Դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թվականի ընթացքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52