Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2022


Սիրելի ուսուցիչնե՛ր
Այսօր նշում ենք Ուսուցչի օրը՝ հղելով ձեզ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Հազարամյակների խորքից եկող Հայոց դպրության ջահը վառ պահելու գործն ու պատիվը ձեզ է վերապահված այսօր, որը տարիներ շարունակ կրում ու տանում եք ամենայն սիրով ու նվիրումով։
Ձեր աշակերտներն են դարձել մեր հայրենիքի սերմնացանները, մաքառել ամեն մի թիզ հողի համար, դրսեւորել անձնազոհության բազմաթիվ օրինակներ, հերոսացել դարերի ու ժամանակների մեջ։ Նրանցից շատերն էլ այսօր հայրենիք են կերտում կրթության, առողջապահության, շինարարության, գյուղատնտեսության, պետականաշինության եւ այլ ոլորտներում՝ հիմքում ունենալով այն գիտելիքները, դաստիարակության այն արժեհամակարգը, որ ժամանակին ու անտրտունջ փոխանցել եք սերունդներին։
Արագ զարգացող ու փոփոխվող մերօրյա աշխարհում, երբ մեր հայրենիքի ու պետականության զարգացման ճանապարհին ի հայտ են եկել նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ, շատ ավելի է արժեւորվում ուսուցչի դերը, կրթության փրկարար ու ստեղծարար առաքելությունը։
Այսօր հայրենի պետությունը գործադրում է ամեն ջանք ու միջոց, որ Հայ դպրոցը քայլի արդի աշխարհի կրթական պահանջներին համահունչ, որ բարելավվեն մանկավարժների աշխատանքային պայմանները, հավուր պատշաճի գնահատվի նրանց աշխատանքն ու վաստակը։
Դուք հաղթահարել ու հաղթահարում եք բազմաթիվ անասելի դժվարություններ, սակայն ոչ մի կերպ, ոչ մի ժամանակ չեք երկնչել ու չեք երկնչում դրանց առաջ՝ հանուն մեր հայրենիքի հարատեւության, հանուն մեր ժողովրդի բարօր ու խաղաղ կյանքի։ Ձեր ցանած առողջ սերմերը ծիլեր են տվել, ծիլեր են տալու եւ բերելու են մեր հայրենիքին հզորություն, առատություն եւ խաղաղություն։
Անհնար է բառերով նկարագրել երախտագիտության այն զգացումը, որը տածում ենք մենք հայ դպրության նվիրյալներիդ հանդեպ։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու արարչագործ հայրենիք, քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական եռանդ, անսպառ հաջողություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52