Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 7-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզ

09.09.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan


Սեպտեմբերի 7-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզ
Մարզային այցին մասնակցում էր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։
Փոխվարչապետը շրջայց կատարեց մի շարք համայնքներում, ծանոթացավ պետություն-համայնք համագործակցության շրջանակներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Կարճաղբյուր համայնքում այցելեցինք Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց կատարեցինք ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացանք մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին: Նշեմ, որ ներկայում «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են արվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։
Հաջորդ կանգառը եղավ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի- Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Այստեղ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։
Այնուհետև այցելեցինք Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։ Ներկայում կատարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։
Մարտունի համայնքում աշխատանքային խմբին միացավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և մանրամասներ ներկայացրեց պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքից։ Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։
Այնուհետև Գավառ համայնքում դիտարկեցինք պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ Արձանագրված թերությունների վերաբերյալ արվեցին մի շարք դիտողություններ և առաջարկություններ։
Այցի ավարտին եղանք Գավառի Սբ Աստվածածին եկեղեցու տարածքում, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքները ևս իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբեր ամսին։ Գեղարքունիքի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպում ունեցանք Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանի հետ։ Թեմի առաջնորդը բարձր գնահատեց համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։
Այցի շրջանակներում ծաղիկներ խոնարհեցինք Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 12:43:16