Նորություններ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
30.08.2022
Մինչ խորհրդակցության մեկնարկը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին և նրա ղեկավարած աշխատանքային խմբի անդամներին։ Կողմերը զրուցեցին կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, ներդրվող նոր չափորոշիչների, առաջիկա ծրագրերի և մտահոգող խնդիրների մասին։ Մարզպետը կարևորեց ՀՀ կառավարության աջակցությամբ մարզի դպրոցներին տրամադրվելիք դպրոցական գույքի խնդրի լուծումը և նշեց, որ նախատեսվող բոլոր բարեփոխումները միտված են կրթության որակի բարձրացմանն ու համակարգի բարելավմանը։
Անդրադառնալով խորհրդակցությանը՝ Կարեն Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց մարզի հանրակրթական դպրոցներից հանրապետության տարբեր բուհեր ընդունվածների ցածր տոկոսի, 2021-2022 ուսումնական տարվա ընացքում մարզից գերազանցության մեկ մեդալի թեկնածու ունենալու համար և տնօրեններին հորդորեց՝ այս ուսումնական տարվանից աշխատանքները կազմակերպել պատշաճ մակարդակով, որպեսզի տարեվերջին ունենանք գոհացուցիչ արդյունք։
Մարզպետը խոսեց նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների, դպրոցներում կրթության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, անդրադարձավ դասագրքերի ներկրման հարցում հայտերի ներկայացման, սոցիալապես անապահով ընտանիքներից տարրական դասարաններում սովորող երեխաներին դասագրքերի տրամադրման, դպրոցներում և դպրոցամերձ տարածքներում սանիտարական վիճակի ապահովման, դպրոցները երիտասարդ կադրերով համալրելու, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի ակտիվ մասնակցության և ոլորտին վերաբերող այլ թեմաների։
Մարզպետը խստագույնս հանձնարարեց դպրոցներում բացառել տարբեր նպատակների համար դրամահավաքների կազմակերպումը, դասաբաշխումը օրենքի շրջանակներից դուրս իրականացնելը, տվեց մի շարք հանձնարարականներ, պատասխանեց դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերին։
Խրախուսման նպատակով մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարան հրավիրեց Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենին և նույն դպրոցը ներկայացնող գերազանցության այս տարվա միակ մեդալակիրին։
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։
ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցների տնօրեններին ուղղված իր խոսքում կարևորեց հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով դրանք կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:
Ինչպես նշեց փոխնախարարը՝ նոր չափորոշիչների ներդրմամբ փոխվելու է ուսուցիչների դրույքաչափի կառուցվածքը, բոլոր դպրոցների 10-12-րդ դասարաններում ներդրվելու է անհատական դասացուցակի գործընթացը, ուսուցիչները ֆինանսավորումն իրականացվելու է առավելագույն ժամաքանակով։
Նախարարության ներկայացուցիչների խոսքով Գեղարքունիքի մարզից ատեստավորման հայտ է ներկայացրել 200 մանկավարժ և ԿԳ նախարարի հրամանով սեպտեմբերի 17-ից գործընթացը կմեկնարկի այդ նպատակով ԳԹԿ-ի կողմից ձևավորված քննական կենտրոնում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում։
Նախարարության աշխատակիցների կողմից անդրադարձ կատարվեց նաև ներառական կրթության կազմակերպման գործընթացում տեղի ունեցող փոփոխություններին, վերապատրաստումների կազմակերպմանը, ոլորտում ներդրվող այլ ծրագրերին։
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեցին տնօրեններին նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթելով նրանց խաղաղ և հաջողություններով լի ուսումնական տարի։