Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
30.08.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ըստ ոլորտների մարզպետին ներկայացրեցին տեղեկատվություն՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ։
Զեկուցվեց, որ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների ուղղությամբ աճ է գրանցվել, իսկ որոշ համայնքներում և բնակավայրերում էլ նկատվում են բյուջեների հավաքագրման գործընթացի ակտիվացումներ։
Ներկայացվեց Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի և կատարվելիք աշխատանքների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, խոսվեց ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում արձանագրված խախտումների, մարզի հանքավայրերի շահագործման, տնտեսավարողների գործունեության, ընդերքօգտագործման թույլտվությունների և հողօգտագործման պայմանագրերի առկայության օրինականության պահպանման բնագավառում առկա խախտումների, Սևանա լճի ափամերձ հատվածներում ինքնակամ շինությունների ապամոնտաժման ուղղությամբ տարվող աշխատանքների, մարզում 2019 և 2020 թվականներին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ համայնքներում եռակողմ քննարկումների իրականացման արդյունքների, Գեղարքունիք ՋՕԸ-ի և մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ համայնքների ոռոգվող հողատարածքների, ջրաղբյուրների ելքերի, առկա պայմանագրերի կնքման, մարզի համայնքներում հացահատիկի բերքահավաքի ընթացքի մասին։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների հետ ֆինանսական գործառույթների, հաշվապահների վերապատրաստման, մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և բուստեր դեղաչափերով պատվաստումներն ապահովելու, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի վերահսկման, Գեղարքունիքի մարզպետի կողմից աջակցություն ցուցաբերելու նպատակով մարզի ծայրահեղ ծանր, սոցիալապես անապահով վիճակում գտնվող և դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վերաբերյալ տվյալների հավաքագրման, մարզի բժշկական ընկերությունների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ցանկի կազմման, նոր ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների իրականացման, մարզում իրականացվելիք դպրոցաշինական աշխատանքների ընթացքի, խոտհարքերի վարձակալման, համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի ներկայացման, կենսական նշանակության այլ թեմաների մասին։
Խորհրդակցության ավարտին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները Գեղարքունիքի մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ։