Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ համայնքում իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ

26.08.2022

Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները օգոստոսի 25-ին այցելել են Ճամբարակ համայնք, որտեղ հանդիպում են ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, հողօգտագործողների և շահառուների հետ։
Ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր գոտիներում եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը:
Շահառուները, ոչ ուշ քան 2023 թվականի ապրիլի 1-ը, փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով ցորենի փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրերի պատճենները, սերմերի պարկերի պիտակների բնօրինակները, սերմերի հանձման ընդունման ակտը, որում պետք է պարտադիր նշված լինեն սերմերի սորտերը։
Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությանն ուղղված այլ ծրագրեր, հողօգտագործողների կողմից բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 18:41:11