Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Սարգսյանի հրավերով Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի մարզ

26.08.2022

Համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ ՀՀ Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա երկու մարզերի համագործակցությունը ծավալել ամենատարբեր ուղղություններով՝ տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում։
Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը մարզ` նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր երկու մարզերի տարբեր գերատեսչությունների և տարբեր ներկայացուցչությունների հետ։
Մարզպետն իր խոսքում ընդգծել է Օմսկի նահանգի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման ուղղությամբ, ապա ներկայացրել է մարզը, նրա տնտեսական վիճակը և զարգացման հնարավորությունները, խոսել մարզում՝ պետական աջակցությամբ իրականացվող զարգացման ծրագրերի մասին և վստահեցրել, որ այս համագործակցությունը իր նպաստը կունենա երկու կողմերի միջև հեռանկարային տարբեր ծրագրերի իրագործման հարցում։ Կարեն Սարգսյանը անդրադարձել է նաև Օմսկի երկրամասի հայկական համայնքին, որի շուրջ 50 հազար անդամների հիմնական մասը կազմում են Գեղարքունիքի մարզի բնակիչները` նշելով, որ երկու մարզերի բարեկամության եւ համագործակցության ամենաամուր գրավականն ու լրջագույն ռեսուրսը հենց նրանք են։
«2022թ.-ի հունվարի 20-ից` ՌԴ Օմսկի երկրամասի եւ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միջեւ մեկնարկած համագործակցությունը արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները, որը վստահաբար կունենա փոխշահավետ ձեռքբերումներով լի շարունակություն, ինչի համար առկա են բազմաթիվ նախադրյալներ։
Այս հանդիպումը եւս մեկ կարևորագույն քայլ է մեր համագործակցության ճանապարհին։ Մնացածն արդեն հետեւողական քայլերի, գաղափարների նախագծման ու կյանքի կոչելու տիրույթում է, որտեղ պահանջվում է համատեղ ու նպատակասլաց աշխատանք։ Վստահ եմ նաև, որ մեր փոխադարձ շփումներն ու այցերը դեռեւս նորովի կբացահայտեն համագործակցության հնարավորությունների սահմանները եւ ուղղությունները, կտան սպասվող արդյունքները», -նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ջերմ ընդունելության համար, և նշել, որ իրենք պատրաստակամ են ընդլայնելու կապերը երկու մարզերի միջև՝ գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի, հումանիտար և այլ ոլորտներում, կարևոր համարելով այդ համագործակցությունը նաև հայ համայնքի հզորացման հարցում։
«Մեր նահանգի համար շատ կարևոր է նոր գործընկերներ գտնելը, գործընկերներ՝ ոչ միայն որպես սպառողներ, այլ նաև որպես մատակարարներ։ Օմսկի և Գեղարքունիքի մարզերն արդեն իսկ ունեն ճանապարհային հստակ քարտեզ, որը մեզ տանելու է տնտեսական նոր հարաբերությունների ընդլայնման։ Հստակ են նաև համագործակցության ուղղությունները, դրանք կլինեն գյուղատնտեսության, պարենի, բիզնեսի, գյուղտեխնիկայի մատակարարման, կրթության ինչպես նաև IT ոլորտները։ Այդ ոլորտներում նոր կապերի հաստատումը հնարավորություն կտա զարգացնել բիզնեսը և ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ ինչպես Օմսկից Հայաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ», - նշել է Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։
Այսօր արդեն իսկ տեսանելի են նախորդ հանդիպման պտուղները, ինչի արդյունքում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը կնքեցին համագործակցության հուշագիր, որը թույլ կտա համագործակցել մշակութային փոխանակման, գիտության և կրթության ոլորտում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52