Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը
24.08.2022
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից Սևանա լճի լողափնյա տարածքում՝ ավարտվեց «Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որն անկացվեց ՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Ընդհանուր մասնակիցները 133-ն էին՝ Երևանից, հանրապետության տարբեր մարզերից և արտերկրից։ Կանայք մրցեցին 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Ամբողջ միջոցառումը վերահսկեցին ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և շտապօգնության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները։
Պարգևները հաղթողներին հանձնեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ հանձնեց նաև ամենատարեց մասնակիցներին:
«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքները Գեղարքունիքի մարզում լավագույնս իրականացնելու համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով։
Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները պարգևատրվեցին 1 մլն դրամ մրցանակով:
Դրամական մրցանակներ շնորհվեցին 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Երկրորդ տեղ զբաղեցրած մրցանակակիրները պարգևատրվեցին 600 հազար դրամով, 3-րդ տեղ զբաղեցրածները՝ 400 հազար, 4-րդ տեղ զբաղեցրածները՝ 150 հազար, 5-րդ տեղ զբաղեցրածները՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղեր զբաղեցրածները՝ 75 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, և գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթի» մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարևոր օրերին: Իհարկե, միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է, բայց գավաթի միջոցառումները նվիրված են հենց պետական տարբեր օրերին, և նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու, անհատի միջև, ցույց տալ ապրելու և արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը, ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներն իրագործելու:
Ուզում եմ նախ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հաղթողերին և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ առաջին հերթին այս մթնոլորտի համար: Պիտի անկեղծ խոստովանեմ, որ այո, իրոք կար պահ, երբ մտածում էինք, թե մեզ չի հաջողվի իրականացնել «Վարչապետի գավաթ» լողի մրցաշարը, այն էլ Սևանա լճում: Քննարկում էինք և մտավախություն ունեինք, որ հնարավոր է մասնակիցների թիվը մինիմալ լինի: Ի ի վերջո քննարկումների արդյունքում որոշեցինք, որ եթե նույնիսկ մեկ մարդ մասնակցի՝ հանուն այդ այդ մեկ մարդու արձագանքին պետք է մրցաշարն իրագործենք: Չնայած ավելի քան 133 մասնակից ունենալը շատ լավ ցուցանիշ է, բայց մեր խնդիրն է այնպես անել, որ ամեն տարվա հետ մասնակիցներն ավելի շատանան:
Մեր հաջորդ խնդիրն է՝ ի վերջո ևս մեկ անգամ այս միջոցառմամբ ուշադրություն հրավիրել Սևանա լճի, նրա զբոսաշրջային հնարավորությունների և մասնավորապես՝ այս ափի, արևելյան ափի պոտենցիալի վրա, նաև, իհարկե, հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ նաև ինքնադրսևորվեն, հնարավություն ունենան իրենց ուժերը փորձարկել: Պիտի խնդրեմ ևս մեկ անգամ ծափերով ողջունենք մեր ամենատարիքով մասնակիցներին, որովհետև իսկապես մեծ անակնկալ էր, երբ իմացա, որ մեր մրցաշարին մասնակցում են 75, 81 տարեկան քաղաքացիներ: Ուզում եմ նաև ընդգծել, որ Վարչապետի հիմնադրամից 200 հազարական դրամ դրամական պարգև կփոխանցվի մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:
Հարգելի ներկաներ,
«Վարչապետի գավաթ» մրցաշարը կայանում է, և ուզում եմ մի նրբության մասին խոսել: Ցանկանում ենք «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր իրականացնել այն մրցաձևերից, որտեղ, ըստ էության, հնարավորինս քիչ թանկարժեք ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մարզվել և մասնակցել մրցումներին: Սևանա լիճը, ցավոք, շատ կարճ սեզոնով, բայց մատչելի է բոլորին, բոլորը կարող են լողալ սովորել և պատրաստվել մյուս մրցաշարերին: Այդպես էլ վազքի մրցաշարը, սեղանի թենիսը, չնայած ավելի մեծ ներդրում է պահանջում, սակայն համեմատաբար ավելի մատչելի մրցաձև է, հեծանիվը նույնպես համեմատաբար մատչելի է: Իսկ դպրոցականների խճուղավազք մրցաշարը դառնում է «Վարչապետի գավաթ»-ի շարքի ամենակարևոր, ամենագեղեցիկ անկյունաքարային միջոցառումը:
Կրկին ուզում եմ շնորհակալոււթյուն հայտնել նախ այն ընկերություններին, որոնք աջակցում են այս մրցաշարի կազմակերպմանը: Նշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անունը: Եվ շատ շնորհակալ եմ, որ աջակցում է լոգիստիկ հարցերով, նաև այն ընկերություններին, որոնք որպես հովանավոր են հանդես գալիս: Իհարկե, ՀՀ կառավարությունը հոգում է մրցաշարի բոլոր ծախսերը և կշարունակի հոգալ, բայց երբ նաև գործընկերներ են միանում, իրենց ներդրումն են բերում այս իրադարձության կազմակերպմանը, դա, իհարկե, կրկնակի ուրախալի է:
Շնորհակալություն կազմակերպիչներին, փրկարարներին, որոնք ուղեկցել են, բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին: Մինչ հաջորդ հանդիպում՝ սեպտեմբերի 20-ին «Վարչապետի գավաթ»-ի հերթական մրցաշարին՝ խճուղային վազքին»: