Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին
29.07.2022
Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Պիտր Աբաջյանին և հիմնադրամի անդամների։ Ինչպես ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրենը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իրենք Արցախում և Հայաստանի հատկապես սահմանամերձ բնակավայրերում նորոգում են տիրազուրկ բնակարաններ և հանձնում նոր տերերին։
2021 թվականից «Փարոս» հիմնադրամը ամերիկացի բարեգործների ֆինանսական աջակցության շնորհիվ «Արցախցիների վերաբնակեցում» ծրագրի շրջանակներում աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում։
«Մեծ Մասրիկում մեր հիմնադրամի միջոցների հաշվին գնել ենք 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգել, կահավորել, հիմնադրամի համագործակից կազմակերպությունների աջակցությամբ կառուցել ենք անասնագոմ, տրամադրել անասուններ, որպեսզի սահմանամերձ այդ բնակավայրում հիմնական բնակություն հաստատեն արցախից տեղափոխված, բնակարան, հողատարածք կորցրած ընտանիքները։ Մնացած երեք բնակարանների հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են և առաջիկայում կհանձնվեն նոր տերերին»,- տեղեկացրեց «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հիմնադրամը մեկ այլ ծրագրով Մեծ Մասրիկ և Ակունք գյուղերում հիմնանորոգում է բուժկետերը, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ գույք և սարքավորումներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամի ղեկավարներին՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում նման բնույթի ծրագրեր իրականացնելու համար և առաջարկեց մարզպետարանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու, համագործակցված աշխատանք իրականացնելու համար։
Հիմնադրամի ներկայացուցիչների առաջարկով Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանում կկազմվի սահմանամերձ բնակավայրերում խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերի ցանկ և կներկայացվի հիմնադրամին՝ համատեղ քննարկելու և լուծումներ տալու նպատակով։