Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ - 2» ծրագիրը
19.07.2022
Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին, նույն ծրագրի շուկայի զարգացման բաղադրիչի ղեկավար Լիլիթ Պետրոսյանին և հանրային հաղորդակցության և գենդերի մասնագետ Աննա Պողոսյանին։
Հանդիպման նպատակն էր՝ Գեղարքունիքի մարզպետին ներկայացնել «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում և բնակավայրերում կատարված աշխատանքները և քննարկել առաջիկա անելիքները։
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ ծրագրի շահառու են հանդիսանում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Շողակաթ համայնքները և նրանց կազմում ընդգրկված 14 բնակավայրերը։
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում, սկսած 2015 թվականից, մարզում իրականացվել են արոտների բարելավման, արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգման, նոր ճանապարհների կառուցման, խմոցների տեղադրման, հովվի կացարանների ստեղծման ծրագրեր, ֆերմերային տնտեսությունների հզորացման, եկամուտների ավելացման, ավելի որակյալ կաթնամթերք արտադրելու նպատակով աջակցություն է ցուցաբերվել ֆերմերներին, կաթ և միս վերամշակող կազմակերպություններին։
Գեղարքունիքի մարզի Ծովակ, Խաչաղբյուր, Դրախտիկ, Վահան, Թթուջուր և Գետիկ բնակավայրերում ստեղծել ենք անասնաբուժական կետեր, դրանք համալրել անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով, վերահսկողություն է իրականացվել, որպեսզի անասնաբույժը շուրջօրյա հասանելիություն ունենա անասնատիրոջ համար։ Մարզում իրականացրել ենք նաև կենդանիների փոխարինման, դեգրադացված արոտավայրերի բարելավման, կթի սրահների կառուցման, ցուցանակների տեղադրման աշխատանքներ»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։
Այնուհետև ծրագրի ղեկավարն անդրադարձավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-2» ծրագրին։ Այն նախորդ ծրագրի տրամաբանական շարունակությունն է, մեկնարկել է 2021 թվականի նոյեմբեր ամսին և կավարտվի 2025 թվականի ապրիլ ամսին։ Այս ծրագրի նպատակն է՝ նպաստել անասնապահությամբ զբաղվող համայնքների և բնակավայրերերի ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով։ «Այս ծրագրի շրջանակներում ևս նախատսվում է իրականացնել արոտավայրերի, խոտհարքերի և ենթակառուցվածքների բարելավում, աշխատանքներ պետք է տանենք բարձրարժեք կերարտադրության, մսարտադրության և կաթնարտադրության ուղղությամբ։ Այս ծրագրում հատուկ նշանակություն է տրվում կանանց ներգրավվածությանը, Արցախից տեղափոխվածներին և անապահովության մեջ գտնվող խոցելի խմբերին»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։
Ծրագրի թիրախում են մարզի անասնապահությամբ զբաղվող 17 համայնքների ու բնակավայրերի տնային տնտեսուհիները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները։
Ապա ծրագրի ղեկավարը պատասխանեց Գեղարքունիքի մարզպետի կողմից առաջադրված մի շարք հարցերի։
Մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց իրականացված և նախատեսվող ծրագրերի համար և առաջարկեց՝ աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար համագործակցել նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման հետ։
«Քննարկված բոլոր ծրագրերն էլ շատ կարևոր են և մեծ նշանակություն կարող են ունենալ մարզի անասնապահության ոլորտի բարելավման համար։ Դրանք կարող են ավելի արդյունավետ լինել, և շահառուների ընդգրկվածությունն ավելի մեծ կլինի, եթե հանրային իրազեկման աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպվեն։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում իրականացված ծրագրերի համար և լիահույս եմ, որ նոր ծրագիրը ևս իր նպաստը կունենա մարզի անասնապահության ոլորտում առկա խնդիրների բարելավման համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը։
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ-2» ծրագիրը ֆինանսավորվում է «Ավստրիական Զարգացման Գործակալության» կողմից։ Ծրագրի գործընկերներ են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։