Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացվեց մարզում թունաքիմիկատներով թունավորումների վերաբերյալ 2019-2021թթ վիճակագրությունը

19.07.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Գեղարքունիք» մասնաճյուղի մասնագետների, մարզի hամայնքապետարանների ներկայացուցիչների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում, ազգաբնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորման դեպքերի, դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։

ՀՎԿԱԿ «Գեղարքունիք» մասնաճյուղի կողմից ներկայացվեց 2019-2021թթ մարզում քիմիական թունավորումների վիճակագրությունը, ինչից պարզ է դառնում, որ թերևս նշված ժամանակահատվածում 3,5 անգամ նվազել են թունավորման դեպքերը, սակայն դեռևս շարունակվում են դրանք գրանցվել հատկապես մեծահասակների շրջանում, պայմանավորված թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանմամբ ու մակնշմամբ, դրանց օգտագործման ձևերի, չափաքանակների, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման վերաբերյալ բնակչության իրազեկվածության ցածր մակարդակով:
«Գեղարքունիքի մարզում 2019 թվականին արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 7 դեպք, 2020 թվականին՝ 3 դեպք, իսկ 2021 թվականին՝ 2 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:
2019 թվականին թունաքիմիկատներով թունավորման դեպքերից 3-ը արձանագրվել է ինքնասպանության փորձ կատարելու, 1-ը՝ բնակչի անփութության և 3-ը՝ ծնողի անուշադրության հետևանքով 1-4 տարեկան երեխաների շրջանում։
2020 թվականին արձանագրված թունաքիմիկատներով թունավորման 3 դեպքերից 2-ը՝ բնակչի անփութության և 1-ը՝ ծնողի անուշադրության հետևանքով 2 տարեկան երեխայի մոտ գրանցված դեպքեր են։ 2021 թվականին արձանագրված թունավորման բոլոր դեպքերը մեծահասակ ազգաբնակչության շրջանում են և հետևանք են աշխատանքի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների չօգտագործման»,- նշեց զեկուցողը։
Նախորդ տարիների վերլուծություններից պարզ է դառնում, որ թունաքիմիկատներով թունավորման դեպքերը տարեցտարի նվազում են, սակայն բնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առաջարկվեց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ուժերով բնակչության շրջանում իրականացնել իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ թունաքիմիկատների օգտագործման կանոնները պահպանելու, թունաքիմիկատները ըստ ուղեկցող հրահանգի օգտագործելու, թունաքիմիկատների հետ աշխատանքի ընթացքում անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման, ինչպես նաև բնակչության զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:34:14