Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետի մոտ տեղի ունեցավ հերթական հանդիպումը

13.07.2022

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 4-րդ տարին է, ինչ ֆրանսական Միշել-Ալե Էգայան պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում Գավառի արվեստի դպրոցի պարի խմբի սաների և ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից մոտ 50 ուսանողների շրջանում։
Վերջերս Լիոնում կայացած հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆրանկոֆոնիայի և մշակութային առանցքի շրջանակներում հանդիպել է Միշել-Ալե-Էգայան պարային համույթի հիմնադիրին և տնօրինությանը, ովքեր օրեր անց պետք է այցելեին Գեղարքունիքի մարզ։ Կայացած զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և համույթի ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումների նպատակով հանդիպել նաև Գեղարքունիքի մարզպետարանում։
Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Միշել-Ալե- Էգայան պարային համույթի տնօրեն Բրունո Միաշոնին և Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալի տնօրեն Լիլյա Շալունցին։
Բրունո Միաշոնը իր երախտագիտությունը եւ գոհունակությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ջերմ ընդունելության ու աշխատանքային համագործակցության համար։ Անդրադառնալով պարային համույթի կողմից իրականացվող աշխատանքներին՝ համույթի տնօրենը նշեց, որ այն միտված է հայկական և ֆրանսիական ավանդույթների մերձեցմանը պարի միջոցով։
«Աշխատելով Գավառի և Սևանի երիտասարդների հետ՝ փորձում ենք ֆրանսիական մշակույթը փոխանցել նրանց, համադրելով հայկական և ֆրանսիական պարերը, և հույս ունենք, որ այդ աշխատանքների արդյունքում պարային աննկարագրելի և շատ գեղեցիկ պատկեր կստանանք։ Մեր աշխատանքների վերջնական արդյունքը հանդիսատեսին կներկայացնենք նոյեմբեր ամսին՝ Գավառի դրամատիկական թատրոնում, որտեղ դասընթացի մասնակիցները կներկայացնեն նորն ու ժամանակակիցը, իհարկե, պահպանելով նաև իրենց ազգայինն ու ավանդականը։ Մենք նպատակ ունենք նաև իրականացնել տեղի պարուսույցների վերապատրաստումներ՝ Ֆրանսիայից և Երևանից պարուսույցներ հրավիրելով մարզ»,-նշեց Բրունո Միաշոն։
Ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին Լիոնում և Գեղարքունիքի մարզում նախատեսվում է նաև պարային ներկայացման տարբեր դրվագների ֆոտոցուցադրություն։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց Բրունո Միաշոնին՝ մարզի երիտասարդության շրջանում նման ծրագիր իրականացնելու համար և համապատասխան աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52