Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալին և առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին
07.07.2022
Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին և առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին։ Քննարկվեց մարզում բուժաշխատողների հավաստագրումների գործընթացի իրականացման, մեծահասակների և 0-18 տարեկանների պատվաստումային գործընթացի ակտիվացման, առողջապահության ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ թեմաներ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրարստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ցուցաբերել աջակցություն՝ առողջապահության նախարարության կողմից մարզում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։
Այնուհետև Լենա Նանուշյանը և Ալեքսանդր Բազարչյանը հանդիպում-քննարկում անցկացրեցին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր իրազեկել բուժհիմնարկների տնօրեններին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի մանրամասներին, առավելագույնս աջակցել բուժաշխատողներին՝ պատրաստվելու հավաստագրման գործընթացին և թե ինչպես պետք է յուրաքանչյուրն իր մասով ապահովի հավաստագրերի ձեռքբերման համար պահանջվող չափորոշիչները։
Ինչպես նշեց առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը, նախատեսված է, որ մինչև 2023 թվականի տարեսկիզբ բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր։ Հավաստագրեր ձեռք բերելու համար բուժաշխատողնեը պետք է մասնագիտական գործունեության ժամանակահատվածում հավաքեն համապատասխան կրեդիտներ և ապահովեն սահմանված այն բոլոր պահանջները, որոնց առկայության դեպքում միայն բուժաշխատողներին հնարավորություն կտրվի շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։
Ավագ եվ միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրում. ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել
Ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ:
Միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի պատճենները, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ:
Քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք:
Պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (առկայության դեպքում):
Հարկավոր է ներկայացնել նաև ՇՄԶ կրեդիտների ստացման փաստը հաստատող փաստաթղթերի պատճեններ՝
ՀՀ-ում կրեդիտավորված միջոցառումների վկայականներ (առկայության դեպքում),
ԵՊԲՀ/ԱԱԻ վերապատրաստման դասընթացների վկայականներ (առկայության դեպքում),
Արտերկրի կրեդիտավորված միջոցառումների վկայականներ՝ համապատասխան լեզվով «ՇՄԶ կրեդիտ» նշումով (առկայության դեպքում),
Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված դասընթացների մասնակցության համար կրեդիտների շնորհման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրաման/ներ/ (առկայության դեպքում),
Գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար կրեդիտների շնորհման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրաման/ներ/ (առկայության դեպքում):
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի մուտքագրման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների սքանավորված տարբերակները:










