Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են Մարտունի համայնքում հիմնանանորոգվող ճանապարհների շինարարական տեղամասեր
27.06.2022
ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելեցին Մարտունի համայնքում հիմնանանորոգվող ճանապարհների շինարարական տեղամասեր
Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում ծանոթացան Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի եւ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։
Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսված է հիմնանորոգել 5 կիլոմետր 900 մետր երկարության ճանապարահատված՝ 46 հազար քառակուսի մետր մակերեսով։ 2021 թվականին հիմնանորոգվել է ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է 195,5 միլիոն դրամ, իսկ մնացած 548 միլիոն դրամը ծախսվում է այս տարվա ընթացքում։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում հեռացվում է ասֆալտբետոնյա հին շերտը, տեղադրվում նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաեւ կահավորման եւ գծանշման աշխատանքներ։ Ըստ «Շանթ-Սեյրան» ընկերության տնօրենի՝ 2022 թվականի հունիսի 24-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են մոտ 80 տոկոսով։
Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հունիսի 15-ից։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ, որը նույնպես ամբողջությամբ հատկացված է պետբյուջեի միջոցներից։ Սայաթ-Նովա փողոցում նախատեսվում է ճանապարհը հիմնանորոգել 2,5 կիլոմետր երկարությամբ եւ 18 հազար 300 քառակուսի մետր մակերեսով։ Ճանապարհի ողջ երկայնքով կառուցվում է նոր կոյուղագիծ, երկկողմանի սալիկապատվում են մայթերը՝ 3200 քառակուսի մետր ընդհանուր մակերսով։ Ամբողջությամբ ճանապարհից հեռացվում է հին ասֆալտբետոնյա շերտը, փոխարենը տեղադրվում է նոր ասֆալտբետոնյա երկշերտ ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավերտել մինչեւ տարեվերջ։
«Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգմամբ մենք ունենում ենք Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Մարտուն քաղաքով եւ նկատելիորեն նվազեցնելու է Աբովյան փողոցով անցնող ճանապարհի երթեւեկության ծանրաբեռնվածությունը»,-նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը եւ մարզպետը շինարարների հետ քննարկեցին շինարարության ընթացքում ի հայտ եկած առաջնահերթ խնդիրները, տվեցին համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ։