Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

24.06.2022

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության արդեն նախկին ղեկավար Էլիան Շահվանին, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին,Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Շահվանին՝ արդյունավետ և համագործակցված աշխատանքի համար, միաժամանակ նշելով, որ փոխհամագործակցությունը բարձր մակարդակով կընթանա նաև նոր ղեկավարի՝ Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի հետ։
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Գեղարքունիքի մարզում տուժած սահմանամերձ բնակավայրերի անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ հանգամանորեն անդրադառնալով նաև տեղի բնակիչների սոցիալական վիճակին, բնակավայրում առկա խնդիրներին և պետական աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, հույս հայտնելով, որ միջազգային կազմակերպությունները ևս իրենց նպաստը կունենան սահմանամերձ բնակավայրերում առկա խնդիրների բարելավմանը և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը։
Կարմիր խաչի ներկայացուցիչները խոսեցին Գեղարքունիքի մարզում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից սոցիա-տնտեսական, կրթության հասանելիության ապահովման, առողջապահական ոլորտում իրականացվող ներդրումների, սանիտարահիգենիկ պայմանների բարելավման, բնակարանային պայմաններ բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ոլորտներին ուղղված ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն իրականություն են դարձել։
Մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակչության սոցիալական կարիքների բարելավման նպատակով Կարմիր խաչը նախատեսել է իրականացնել մեղվաբուծության զարգացման և միկրոձեռնարկության աջակցության ծրագրեր՝ շահառուներին տրամադրելով համապատասխան գիտելիքներ և անհրաժեշտ սարքավորումներ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար։
«Ձեր կողմից ներկայացվող ծրագրերը մեծ կարևորություն և նշանակություն ունեն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ և հակամարտությունից տուժած բնակավայերի համար, և ես հույս ունեմ, որ մենք Կարմիր խաչի նոր ղեկավարի հետ ևս կշարունակենք նույն փոխգործակցությամբ աշխատել, որպեսզի հնարավորինս մեղմենք նշված բնակավայրերի տնտեսությունների սոցիալական ծանր վիճակը։ Կցանկանամ նաև, որ նման հանդիպումները հաճախակի լինեն, որպեսզի մենք կարողանանք համատեղել ՀՀ կառավարության աջակցությամբ և Կարմիր խաչի կողմից իրականացվող ծրագրերին ուղղված գաղափարները, տալով ավելի նպատակային և արդյունավետ լուծումներ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին՝ ծրագրերի ընդունման և իրականացման հարցերում առավել հստակ ուղղություն ցույց տալու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47