Նորություններ
Ասֆալտապատվել է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Ազատության եւ Գայի փողոցները
20.06.2022
Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները Գայի եւ Ազատության փողոցներում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Կարմիրգյուղի ասֆալտապատման ծրագիրը հաստատվել էր ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի մեկնարկը տրվել էր նույն տարում։
Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ասֆալտապատվել են Կարեն Դեմիրճյան եւ Զոհրաբ Շհոյան փողոցները: Ծրագիրը շարունակվել է 2022 թվականին։ Այս տարի ասֆալտապատման աշխատանքները սկսվել եւ ավարտի են հասցվել Ազատության եւ Գայի փողոցներում:
Կարմիրգյուղի 4 փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 94 միլիոն 500 հազար դրամ։ Համայնքային ներդրումը 58 միլիոն դրամ է, որից Կարմիրգյուղի համայնքապետարանը 2021թվականին վճարել է 14 միլիոն դրամը: Հետագա ֆինանսավորումը, որը կազմում է 44 միլիոն դրամ, ստանձնել է Գավառի համայնքապետարանը՝ կապված համայնքի խոշորացման քաղաքականության հետ:
Ասֆալտապատման աշխատանքների նախագծման արդյունքում որոշակի հատվածներ դուրս էին մնացել նախահաշվից, այդ պատճառով էլ Գավառի համայնքապետարանը լրացուցիչ 12 միլիոն դրամ է հատկացրել՝ աշխատանքները հիմնական տեսքի բերելու համար:
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն:
Շինարարական աշխատանքները Ազատության եւ Գայի փողոցներում սկսվել են այս տարվա ապրիլի վերջերից եւ ավարտվել հունիսի առաջին կեսին։ Գայի փողոցն ասֆալտապապատվել է 327 գծամետր երկարությամբ եւ 2030 քառակուսի մետր մակերեսով, Ազատության փողոցը՝ 523 մետր երկարությամբ եւ 3308 քառակուսի մետր մակերեսով։ Առաջիկա օրերին կիրականացվեն նաեւ փողոցների գծանշման աշխատանքներ։