Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնականին

16.06.2022

Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին ու ՄԱԿ-ի այլ փորձագետների։
Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուերին՝ մարզ այցելելու համար, կարևորելով ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դերը Գեղարքունիքի մարզի և հատկապես սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների սոցիալական վիճակի բարելավման հարցում։ Կողմերը տեսակետներ փոխանակեցին պարենի, էներգիայի և ֆինանսական միջոցների ներկայիս ճգնաժամին արձագանքելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների, ինչպես նաև մարզում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու կլիմայի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ 2021 թվականից մեկնարկած հրատապ աջակցության ծրագրի մասին, որի նպատակն է օգնել 2020թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ծրագրի հիմնական նպատակը ճգնաժամից հետո ստեղծված փխրուն իրավիճակում գտնվող տեղահանված և հյուրընկալող համայնքների գոյության միջոցների պաշտպանությունն է, վերականգնումը կամ ստեղծումը: Այդ նպատակով հրատապ աջակցության ծրագիրը աջակցություն է տրամադրում՝ պաշտպանելու և վերականգնելու կենսապահովման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցները, ինչը կօգնի բարելավել գյուղատնտեսական արտադրանքը և, ի վերջո, պարենային ապահովվածությունն ու սնուցումը։ Աջակցությունը ներառում է մարզ տեղափոխված խոշոր եղջերավոր կենդանիներին անասնակերի տրամադրում, հավերի տրամադրում այն ընտանիքներին, որոնք չեն կարողացել տեղափոխել իրենց ֆերմային կենդանիներին, շինանյութ հավանոցների վերանորոգման համար, անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ և անասնաբուժական ծառայություններ։
Այնուհետև ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել է հրատապ աջակցության մեկ այլ ծրագիր՝ ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով օժանդակելու աշնանացան ցորենի բարձրորակ սերմերի ներմուծմանը: Ծրագիրն առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին կտրամադրի բարձրորակ ցորենի սերմեր և անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվություն ցորենի արտադրության և կառավարման բարելավման վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր գնահատեց կազմակերպության տարբեր կառույցների, այդ թվում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ցուցաբերված աջակցությունը։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց առավել ընդլայնել համագործակցության ոլորտները։
«2020 թվականի Արցախյան հակամարտությունից հետո Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շատ բնակավայրերում վերաբնակություն հաստատեցին Արցախից տեղափոխված զգալի թվով ընտանիքներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի շատ բնակիչներ առ այսօր հնարավորություն չունեն մշակել իրենց ցանքատարածությունները՝ անվտանգության խնդիրներից ելենելով։ Ես իմ գոհունակությունն եմ հայտնում ՄԱԿ-ի կողմից մարզում իրականացվող այն ծրագրերի համար, որոնք կարող են աջակցել նման տնտեսություններին՝ գյուղատնտեսության ոլորտում և հուսով եմ, որ այս համագործակցությունը կընդլայնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի ոլորտը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր հերթին ներկայացրեց Գեղարքունիքի մարզում կազմակերպության կողմից 2021-25 թվականների առաջնահերթություններն ու իրականացվող աջակցության ծրագրերը։
«Աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հանձնառու է աջակցել նաև Գեղարքունիքի մարզին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին», - նշեց ՊԳԿ ներկայացուցչի օգնականը։
Այցի ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ֆերմերների և շահառուների հետ, ովքեր ներկայացրեցին կլիմայի փոփոխության, սերմերի և պարարտանյութերի սակավության ազդեցությանը դիմագրավելու իրենց ռազմավարությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47