Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին բազմաբնույթ հարցեր

13.06.2022

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ լսեցի նախկին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը եւ տվեցի նոր հանձնարարականներ։
Քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում էր ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության, հողաշինարարության եւ հողօգտագործման ոլորտները։
Նշեմ, որ մարզում արդեն ավարտվել է հանքային պարարտանյութերի բաշխման գործընթացը, ընթացքի մեջ են գտնվում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, ոռոգման նախապատրաստական շրջանի, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների կողնակներին առեւտուր իրականացնող անձանցից ազատելու, վարելահողերի, խոտհարքերի եւ արոտների նպատակային օգտագործման, գյուղոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերի ներկայացման, սուբվենցիոն ծրագրերի այս տարվա հայտերի կազմման եւ ընդունման, շինարարական մրցույթների հայտարարման արդյունքների, ընդերքօգտագործման ընդհանուր վիճակի, համավարակի եւ մանկական հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների, ոռոգելի հողատեսքերի մակերեսների ճշգրտման հետ կապված հանձնարարականները։
Բոլոր հանձնարարականները բխել են ի հայտ եկած խնդիրներից, որոնք պիտի ստանան իրենց լուծումը։ Միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների երթեւեկելի գոտիների ու կողնակների շրջակայքում նկատվում են շրջիկ առեւտրի կետեր, որոնք խանգարում են կանոնավոր երթեւեկությանը։ Մենք ոչ թե առեւտուրն ենք արգելում կամ դեմ ենք մարդկանց եկամուտ ստանալուն, այլ ուզում ենք հասնել նրան, որ ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը կազմակերպվի միանգամայն անվտանգ՝ առանց դժբախտ պատահարների, հատկապես, որ շուտով բացվելու է լողասեզոնը՝ իր հետ բերելով ավելի ակտիվ երթեւեկության շարժ։ Թե՛ ընդերքօգտագործման, թե՛ ոռոգման շրջանի կազմակերպման պարագայում մենք պետք է հստակեցնենք, թե ովքեր են գործում օրինականության դաշտում, եւ ովքեր՝ ստվերում։ Նաեւ մինչեւ վերջ պետք է հստակեցնենք, թե որքանով են նպատակային օգտագործվում գյուղնշանակության հողերը։
Միաժամանակ հանձնարարվեց ներկայացնել այն դպրոցների ցանկը, որոնք ունեն 10 միլիոն դրամ և ավել տնտեսված միջոցներ եւ գույքի ձեռքբերման կամ հիմնանորոգման աշխատանքների իրականացման հետ կապված առաջնահերթ խնդիրներ։ Մեր շատ դպրոցներ դեռեւս օգտագործում են մոտ կեսդարյա վաղեմության դպրոցական գույք, որն արդեն պիտանի չէ հետագա օգտագործման։ Կարող են լինել նաեւ դպրոցներ, որտեղ ավելի առաջնահերթ է տանիքի, պատուհանների կամ դռների նորացումը։ Պետք է շատ արագ ձեռնարկել աշխատանքներ, որպեսզի մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը դրանք պատրաստ լինեն շահագործման։
Եղան նաեւ այլ հանձնարարականներ՝ կապված Սեւան համայնքում առաջիկայում կազմակերպվելիք երաժշտական փառատոնի, ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացրած վարչական վերահսկողության արդյունքների ամփոփման, Ներքին Գետաշենի կիրակնօրյա մեծածախ շուկայում առեւտրի կանոնակարգման եւ այլ հարցերի վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22