Նորություններ
Բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիր
09.06.2022
Քաղաքացիներն այսուհետ կկարողանան սահմանամերձ բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության աջակցությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։
Ծրագիրը նպատակ ունի նպաստել մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաև վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել ընտանիքներին՝ բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող բնակելի տանը և նախընտրած սահմանամերձ բնակավայրում։
Միջոցառման շրջանակում աջակցություն կտրամադրվի այս նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։
Աջակցությունը կտրամադրվի հիփոթեքային վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկի սպասարկման 10 տարվա ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն։
Միջոցառման շահառուներն են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։
Քաղաքացիները կարող են օգտվել ինչպես այս ծրագրից, այնպես էլ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերից։