Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանը կշարունակի համագործակցությունը «Հայկական Կարիտաս» -ի հետ

08.06.2022

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում Զառա Աղանյանը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից 27 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի մասին, որոնք առնչվում էին երեխաների սոցիալական պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը, հաշմանդամներին, տարեցներին, միգրացիային և ինտեգրացիային ուղղված բարեգործական ձեռնարկներին, որոնցից անմասն չեն մնացել նաև Գեղարքունիքի մարզի համայնքները։ Զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարի կողմից կարևորվեց Գեղարքունիքի մարզպետարանի հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում աշխատանքներն ավելի արդյունավետ են կազմակերպվել։ Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ Զառա Աղանյանը մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի կողմից իրականացվելիք եւ համայնքների զարգացմանն ուղղված երկու նոր ծրագրերը, որոնց նպատակն է՝ Գեղարքունիքի սահմանամերձ տարածաշրջաններում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը տեղական դերակատարների հզորացման միջոցով:
«Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Այն միտված է՝ նպաստելու համայնքում «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականացված բազմաոլորտ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործընթացների տրամաբանական շարունակականությանը՝ շեշտադրելով թիրախ համայնքներում առկա առաջնային խնդիրները և զարգացման հնարավորությունները: Ծրագրի արդյունքում նախատեսված է ընտրել մեկ միավորված համայնք, որտեղ իրականացվելու են բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանն ուղղված համապարփակ գործողությունները: Բացի այդ, նախատեսվում է շարունակել նախորդ ծրագրի շրջանակներում ստեղծված միջոլորտային ցանցի շրջանակներում ձևավորված համագործակցությունը՝ ապահովելով ցանցի անդամների ներգրավումը ծրագրի հիմնական խնդիրների լուծմանը նպաստող գործողությունների իրականացման մեջ»,- նշեց Զառա Աղանյանը։
Այնուհետև կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում սահմանամերձ մեկ միավորված համայնքի ընտրության հարցը, և որոշվեց նախապատվությունը տալ Վարդենիս համայնքին, հաշվի առնելով, որ այն սահմանամերձ է, նոր խոշորացված և ունի տեղահանվածներով վերաբնակեցված շատ բնակավայրեր։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Հայկական Կարիտաս»-ին՝ մարզում իրականացրած ծրագրերի և նոր նախաձեռնությունների համար, նշելով, որ նման ծրագրերը նպաստում են մարզի բնակչության շրջանում սոցիալական շատ խնդիրների հաղթահարմանը։ Կարեն Սարգսյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց՝ շարունակել համագործակցությունը և աջակցել կազմակերպությանը ծրագրի իրականացման աշխատանքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47