Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին կարեւոր հարցեր

06.06.2022

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության հանձնարարականների կատարման արդյունքերի մասին։
Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 67,4 տոկոսով, որը 7,8 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։
«Արդյունքները գոհացուցիչ չեն, ուստի պետք է համայնքապետարանների հետ շարունակել համագործակցված աշխատանքը, որպեսզի առաջին կիսամյակի դրությամբ կարողանանք ապահովել բարձր կատարողական։ Միաժամանակ պետք է հասնենք նրան, որ իրենց հարկային պարտավորություններն ամբողջապես կատարեն պետական հիմնարկների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանի ներկայացմամբ՝ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ մարզ է ներկրվել եւ գյուղացիական տնտեսություններին բաշխվել պարարտանյութերի ընդհանուր պահանջարկի 56,8 տոկոսը։ Պարարտանյութերի ներկրման եւ բաշխման գործընթացը շարունակվում է։
Հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանի զեկուցման համաձայն՝ Գավառ համայնքում արդեն արոտների եւ խոտհարքերի ոչ նպատակային օգտագործման փաստի հայտնաբերման արդյունքում շուրջ 400 հեկտարի վրա լուծվել է հողօգտագործման պայմանագիրը 3 անձանց հետ։ «Մնացած համայնքներում շարունակվում են ուսումնասիրությունները եւ գույքագրման աշխատանքները։ Ազատ հողերի օգտագործման նպատակով կհայտարարվեն նոր մրցույթներ»,-ներկայացրեց Մարատ Ղուրշուդյանը:
Զեկուցվող մյուս հարցերն առնչվում էին «Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնադրամի» կայացման, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհային գոտիները շինաղբով չաղտոտելու նպատակով անցկացվող մշտադիտարկումների եւ կանխարգելման, մարզի հանրակրթական դպրոցներում ներդրված ներառական կրթության ընդհանուր վիճակի ուսումնասիրման, համավարակի եւ մանկական հիվանդությունների դեմ պատվաստումների, գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի հետ կապված հարցերին։
Նոր հանձնարարականների շարքում Կարեն Սարգսյանն առանձնացրեց մարզում գործող շինանյութի հանքերի շահագործման օրինականության ուսումնասիրման հարցը։
«Մենք պետք է հստակեցնենք, թե ինչ վիճակում է շինանյութի հանքերի շահագործումը, ովքեր են դրանք շահագործում, կատարում են արդյոք օրենքով սահմանված իրենց պարտավորությունները, թե ոչ»,-հանձնարարեց մարզպետը։
Խորհրդակցության ավարտին շագհագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ Կարեն Սարգսյանը քննարկեց մարզի համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի այս տարվա ծրագրային հայտերի կազմման եւ ընդունման, շինարարական մրցույթների հայտարարման ընթացքը եւ ընդհանուր արդյունքները։
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 16:32:16