Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվեց Գավառի մանկատան սան Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը

02.06.2022

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի շենքում հանդիսավորությամբ բացվեց Գավառի մանկատան սան, Հ․ Թալալյանի անվան երաժշտական ուսումնարանի նկարչության բաժնի ուսանող Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալականհարցերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի մանկատան, երաժշտական քոլեջի տնօրեններ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, հյուրեր։
Ցուցահանդեսում ներկայացված էին Մարիամ Շահջանյանի գեղանկարչական աշխատանքները, ձեռագործ գորգերը, պատրաստված տիկնիկները։ Ինչպես ներկայացրեց մանկատան տնօրենի պարտականությունները կատարող Նաիրա Խանդանյանը, Մարիամ Շահջանյանը Գավառի մանկատան խնամքին է հանձնվել 2013 թվականից, իր երկու քույրերի հետ միասին։ Նա ավարտել է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցը եւ ուսումը շարունակել Գավառի պետական երաժշտական քոլեջի նկարչության բաժնում։ «Մարիամը հիանալի, մեկը մյուսից գեղեցիկ ու բարձրարվեստ գեղանկարների, ձեռագործ գորգերի ու տիկնիկների հեղինակ է։ Նա անընդհատ ստեղծագործական պրպտումների մեջ է ու բոլոր ուղղություններում կարողանում է ստեղծել փայլուն աշխատանքներ, որոնք արժանի են ամենայն դրվատանքի։ Նա նաեւ հրաշալիորեն տիրապետում է պարարվեստի գաղտնիքներին։ Բազմակողմանի զարգացած այս շնորհալի երեխան պարզապես մեր այսօրվա ու վաղվա անգնահատելի հարստությունն է, հոգեւոր արժեքներ կերտող անձնավորություն, ով դեռ շատ բան ունի տալու մեր արվեստին ու մշակույթին։ Մաղթում ենք նրան նորանոր հաջողություններ, ստեղծագործական նոր մտահղացումներ ու բարձունքներ»,-նշեց մանկատան տնօրենը։
«Նկարում եմ ամենատարբեր թեմաներով, որոնք վերցված են ինչպես առօրյա կյանքից, այնպես էլ՝ գրքերից կամ տեղեկատվական այլ աղբյուրներից, պատմական թեմաներից կամ հայրենի բնաշխարհից։ Գորգագործության եւ տիկնիկագործության մեջ հմտացել եմ՝ շնորհիվ իմ ուսուցիչ, հայտնի գորգագործ ու տիկնիկագործ Անահիտ Ճաթեյանի։ Շնորհակալ եմ մանկատան տնօրինությանն ու դաստիարակներին, իմ դպրոցի եւ երաժշտական քոլեջի ուսուցիչներին՝ ինձ խնամելու, դաստիարակելու, կրթելու, դեպի մեծ արվեստ ուղղորդելու, քաջալերելու եւ կայացնելու համար»,-ասաց Մարիամ Շահջանյանը։
Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի հավաստմամբ՝ Մարիամ Շահջանյանի աշխատանքները թանգարանում կցուցադրվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52