Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ոստիկանության աշխատակիցների հետ
30.05.2022
Մայիսի 30-ին մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների մասնակցությամբ։
Օրակարգում քննարկվեց 2022 թվականի հունիսի 3-ին և 6-ին մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվելիք «Վերջին դաս» արարողության պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցը։ Գեղարքունիքի մարզպետը հորդորեց դպրոցների տնօրեններին՝ այդ օրերին ցուցաբերել ամենայն պատասխանատվություն, որպեսզի բացառվեն տհաճ միջադեպերը։
«Առաջարկում եմ վերջին դաս արարողությունից առաջ դպրոցներում հրավիրել ծնողական ժողովներ և ծնողներին խիստ նախազգուշացնել, որպեսզի այդ օրը իրենց երեխաներին չտրամադրեն ավտոմեքենաներ։ Ծնողական ժողովներին հարկավոր է հրավիրել նաև ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի համատեղ պլանավորեն վերջին դասի վերահսկողությունը։ Միաժամանակ հորդորում եմ՝ թույլ չտալ, որպեսզի ավարտական դասարանների աշակերտներն այդ օրը ոգելից խմիչք օգտագործեն, դրամահավաք կազմակերպեն կամ իրենց թույլ տան ոչ օրինական այլ արարքներ։ Մենք աշխատելու ենք Գեղարքունիքի մարզպետարան-դպրոց-ոստիկանության համագործակցության մթնոլորտում, և որևէ խախտում արձանագրելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը։
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը վստահեցրեց, որ նշված օրերին ոստիկանության աշխատակիցները կլինեն սահմանված տեղերում և կիրականացնեն ուժեղացված հսկողություն։
Այնուհետև մարզպետ Կարեն Սարգսյանը խոսեց դպրոցներում 2022 թվականի ավարտական քննությունների համար նախատեսաված միասնական քննական կենտրոնների, քննությունների նախապատրաստական և կազմակերպչական բնույթի աշխատանքների մասին, նշելով, որ դպրոցները մարզպետարանի համապատասխան վարչության հետ ունեցած համագործակցությամբ կարող են լուծում տալ ի հայտ եկող խնդիրներին։
Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև թոշակառու մանկավարժներին նոր ուսումնական տարվանից վաստակած հանգստի ճանապարհելու նպատակով պատշաճ և օրենքով սահմանված կարգով իրազեկման գործընթացին, որպեսզի նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ այդ թափուր պաշտոնները համալրվեն համապատասխան մասնագետներով։ Խոսվեց նաև մանկավարժների կամավոր ատեստավորման, վերապատրաստումների, դպրոցական էքսկուրսիաների ապահով կազմակերպման, ֆինանսական ոլորտում դպրոցների գործունեության, մանկավարժների հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին։