Նորություններ
Կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը
28.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը:
Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ):
Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին:
Վարչապետը նաև խոսել է այն մասին, որ այս մրցաշարի ընթացքում տարեց մասնակցի համար նախատեսված մրցանակը ստացել է երիտասարդ մասնակիցը, որի պատճառը տարեցների պասիվ մասնակցությունն է եղել և ընդգծել, որ լրացուցիչ խթան կմտածեն, որպեսզի տարեցների մասնակցությունն ավելի ակտիվ լինի:
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի մշտական գործընկերներին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին:
«հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր է տրվել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կազմակերպիչները պետք է ամեն բան անեն՝ մրցաշարարերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլոր պոտենցիալ մասնակիցներին և քաջալերեն, որպեսզի ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ լինեն:
Երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100,000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000ա-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
Այս մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում ենթարկվել են դոպինգ-ստուգման: