Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

23.05.2022

Մայիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Զեկուցվող հարցերն առնչվում էին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհային գոտիները չաղտոտելու նպատակով անցկացվող մշտադիտարկումների եւ կանխարգելման, մարզի գյուղացիական տնտեսություններին ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարարարտանյութերի մատակարարման գործընթացին օժանդակելու, վարձակալությամբ տրվող վարելահողերի, արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործման, մարզի հանրակրթական դպրոցներում ներդրված ներառական կրթության ընդհանուր վիճակի ուսումնասիրման, համավարակի եւ մանկական հիվանդությունների դեմ պատվաստումների, գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի, Վարդենիսի հիվանդանոցի շենքի տեխնիկական վիճակի ոսւումնասիրման, համայնքների ավագանու որոշումները օրենքով սահմանված ժամկետներում մարզպետարան ուղարկելու, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցերին։
Մարզպետը շեշտեց, որ վարձակալությամբ տրված վարելահողերի, արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործումը չափազանց կարեւոր ու հրատապ է՝ գյուղոլորտի զարգացումն ու առաջընթացը ապահովելու համար։ «Հողօտգագործողները պետք է մեր կողմից սահմանված ժամկետներում մարզպետարան ներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը եւ դրանց կատարման ընթացքի մասին հստակ տեղեկատվություն։ Եթե պարզվի, որ այդ հողերը չեն օգտագործվում նպատակային, ապա պետք է լուծել այդ պայմանագրերը եւ դրանք տրամադրել միայն նպատակային ծրագրեր իրականացնող հողօգտագործողներին։ Մարզպետարան պետք է ներկայացվի նաեւ գյուղատնտեսական ուղղվածության ներդրումային խոշոր ծրագրերի իրականացման ընթացքի մասին լիարժեք տեղեկատվություն»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
Խորհրդակցության ավարտին մարզպետը մարզում կազմակերպվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվազաքի առաջնության կազմակերպման, մարզպետարանի կողմից ծրագրված ուսումնավարժանքի, ճանապարհային ցուցանակների նորացման, «Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնադրամի» ստեղծման նախապատրաստական աշխատանքների եւ այլ հարցերի շուրջ տվեց նոր հանձնարականներ։
«Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնադրամի» կայացումը եւ գործունեությունը պետք է ուղղված լինի մեկ հիմնական նպատակի՝ Գեղարքունիքում բնակչության բնականոն աճի եւ ժողովրդագրական խնդիրների բարելավմանը։ Նորաստեղծ հիմնադրամը պետք է օժանդակություն ցուցաբերի միայն նորաստեղծ ընտանիքներին եւ նորածին երեխաներին՝ խթանելով բնակչության թվի ավելացումը»,-խորհրդակցությունն ամփոփեց Կարեն Սարգսյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22