Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում` ցածրարժեք մշակաբույսերից անցում դեպի առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը

23.05.2022

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «EU4Sevan» ծրագրի «Գեղարքունիքի մարզում նոր մշակաբույսերի ուսուցման, մշակման եւ տարածման փորձի ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում արմատավորվում է բրոկկոլիի մշակությունը։
Գեղարքունիքի մարզում ի թիվս այլ ծրագրերի ՝ այդ ծրագրի իրականացմամբ և զարգացմամբ զբաղվում է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը, ով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց ծրագրի հեռանկարները, նշելով, որ բրոկկոլիի մշակման ծրագրի մեկնարկը մարզում տրվել է 2021 թվականին։ Ծրագրի շահառու են դարձել Վարդենիս քաղաքի, Ծովակ, Վարդենիկ, Զոլաքար գյուղերի 30 տնտեսություն։ Յուրաքանչյուր տնտեսություն սածիլում կատարել է 0,07 հեկտար տարածքի վրա։
«Սածիլները, օրգանական բուժանյութերը եւ պարարտանյութերը տրամադրվել են մեր կողմից։ Շահառուներին տվել ենք համապատասխան գիտելիքներ, հմտություն եւ փորձ։ Ընդհանուր առմամբ, բրոկկոլի մշակվել է 2,1 հեկտարի վրա, որից ստացվել է 38 տոննա բերք։ Այն իրացվել է ներքին շուկայում։ 1 կիլոգրարամը վաճառվել է 400-700 դրամի սահմաններում։ Այս տարի որոշել ենք ծրագրում ընդգրկել 60 ընտանիք եւ փոխել ու ընդլայնել ցանքերի աշխարհագրությունը՝ այն իրականացնելով արդեն Գավառի եւ Սեւանի տարածաշրջաններում։ Որպեսզի ավելի շատ շահառուներ ընդգրկենք ծրագրում, որոշել ենք կրճատել հողամասի չափերը՝ այն 0, 07-ից հասցնելով 0,04 հեկտարի։ Անցած տարվա 60 հազար սածիլի փոխարեն այս տարի արտադրելու եւ շահառուներին ենք տրամադրելու 72 հազար սածիլ։ Սածիլումը կավարտվի մինչեւ հունիս ամսվա սկզբներին։ Յուրաքանչյուր սածիլ ապահովում է մինչեւ 800-1000 գրամ բերքատվություն։ Առհասարակ, այս ծրագրի նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում ավանդական մշակաբույսերի փոխարինումը ոչ ավանդական եւ նոր մշակաբույսերով, բարձրացնել հողագործությամբ զբաղվող անհատ գյուղացիների աշխատանքի եկամտաբերությունը հողակտորի օգտագործման ճիշտ պլանավորման միջոցով, տալ նրանց համապատասխան գիտելիքներ, աջակցել բերքի իրացման եւ շուկայավորման, ինչպես նաեւ ստացված փորձի ընդլայնման հարցերում։ Ծրագրի շահառուներից ոմանք, կաղամբի նոր տեսակների աճեցմանը զուգահեռ, կստանան նոր մշակաբույսերի՝ բազուկի, գազարի, դդումի, ծաղկակաղամբի, բատատի սերմեր»,-ներկայացրեց Արտուշ Խաչատրյանը։
Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրը (EU4Sevan) ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից, իրականացվում է Միջազգային համագործակցության Գերմանական միության (GIZ) կողմից: Ծրագիրը նպատակ ունի՝ բավարարել Սեւանա լճի վերականգնման անմիջական կարիքները՝ միաժամանակ նպաստելով ավելի երկարաժամկետ լուծումներին:
«Ծրագրի խնդիրներից մեկն է՝ բարելավել էկոհամակարգին բարենպաստ եւ ջրապաշտպան հողօգտագործման եւ մշակման պրակտիկաների ներդրման կարողությունները, որի շրջանակում համագործակցում ենք «Համայնքի զարկերակ» Երիտասարդական ՀԿ-ի հետ։ Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, եւ արդեն տեսանելի են արդյունքները։ Համոզված ենք, որ այս տարի էլ ծրագրում ընդգրկված նոր շահառուները հստակորեն կկատարեն ծրագրի պահանջները, արդյունավետորեն կհամագործակցեն մեզ հետ, իսկ առաջիկա տարիների ընթացքում Գեղարքունիքում կարմատավորվի ոչ ավանդական ու արժեքավոր մշակաբույսերի արտադրությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կավելանան հողագործությունից ակնկալվող եկամուտները»,-ներկայացրեց «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (EU4Sevan)» Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52