Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հիմնադրման 70 տարին

18.05.2022

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում հանդիսավոր արաողությամբ նշվեց հաստատության հիմնադրման 70-րդ տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, հնագետ, թանգարանը հնագիտական բացառիկ ցուցանմուշներով հարստացրած հնագետ, Երեւանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ, հյուրեր եւ այցելուներ։
Թանգարանի գործունեության 70 տարիների պատմությունը ներկայացրեց գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Ինչպես նշվեց զեկուցման մեջ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին՝ յոթանասուն տարիների ընթացքում գործելով տարբեր հասցեներում։ Նրա հիմնադիր տնօրենը եղել է երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանը, ով հաստատությունը ղեկավարել է 1972-1973 թվականներին։ Հետագա տարիներին թանգարանը ղեկավարել են Գառնիկ Խաչատրյանը, Խաչիկ Զիրոյանը, Ավետիք Դովլաթյանը։ 1993 թվականից մինչ այժմ թանգարանի տնօրենի պաշտոնում աշխատում է Բյուրեղիկ Հովեյանը։
Թանգարանում պահվող ցուցանմուշների թիվն այժմ հասնում է 9900-ի, որոնք ներկայացված են քարե, բրոնզե, երկաթե դարերի, ուրարտական եւ հետուրարտական մշակութային արժեքների, հնագույն ու նորագույն կենցաղային իրերի, արհեստների ու արվեստների գործերի, դրամների, լուսանկարների, շքանշանների, այլ նմուշների ու ցուցադրությունների տեսքով։
Թանգարանը գործում է չորս բաժիններով՝ հնագիտության, ազգագրության, նոր եւ նորագույն պատմության, դրամագիտության։ Թանգարանում են ցուցադրվում Խալդի քաղաքի հիմնադրման մասին ազդարարող Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, որը հայտնաբերվել է հնագետ Թադեւոս Ավդալբեգյանի կողմից, 1927 թվականին, եւ Արտաշիսյան երկու սահմանաքարերը, որոնք հայտնաբերվել են Սարուխան գյուղի տարածքում։ Թանգարանի հիմնադրմանը եւ հարստացմանը ժամանակին օժանդակել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդ Թումանյանը։
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում հաճախակի է կազմակերպվում միջոցառումներ՝ նվիրված գորգագործությանը, թաղիքագործությանը, մյուս արհեստներին, մարզի պատմական հուշարձանների հանրահռչակմանը, գիտաժողովներին, արվեստի, գրականության, զինվորական գործիչներին։ Թանգարանն այցելուներ է ունենում աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, այլ պետություններից։
Թանգարանի մասին իրենց գրավոր տպավորություններն են թողել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան, աշխարհահռչակ գիտնական Սամվել Քոչարյանցը, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, գրող Սերո Խանզադյանը, արվեստագետ Շահեն Խաչատրյանը, ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը, այլ երեւելի անձինք։
Միջոցառումը գեղարվեստական կատարումներով հարստացրին Գավառի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները։
Միջոցառման ավարտին մոսկվայաբնակ՝ արմատներով գավառցի Մարինե Զազյանը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանին նվիրեց Ռուսաստանի Դաշնությունում լույս ընծայված «Հայաստանի տեսարժան վայրերը» պատկերազարդ գիրքը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47