Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթի միջնակարգ դպրոցում շահագործվեց արևային էլեկտրակայան

12.05.2022

Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ և Լիտվայի կառավարության ֆինանսավորմամբ, Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, 2022 թվականի փետրվար ամսին մեկնարկեց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցի արևային կայանի տեղադրման գործընթացը, որն ավարտին հասցվեց օրերս։
Ծրագիրը նպատակ ունի լիտվական զարգացման համագործակցության ծրագրի «Շրջակա միջավայրի աղտոտվածության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծում հայկական դպրոցների համար» արևային էլեկտրակայան կառուցելու և տեղական գործընկերների ու հաստատությունների հետ արևային էներգիայի ոլորտում լիտվական փորձը փոխանակել գործընկերներին։
Շողակաթում տեղադրված և միջազգային չափորոշիչներին համապատասխան արևային կայանի համար ծախսվել է 32 հազար եվրո, որի 10 տոկոսը ներդրել է Շողակաթ համայնքը, 90 տոկոսը՝ Լիտվայի կառավարությունը։
Շողակաթի միջնակարգ դպրոցում, հանդիսավոր պայմաններում, կայացավ տեղադրված արևային կայանի բացման արարողությունը, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, դեսպանության, Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության, սարքավորումներ տրամադրող լիտվական «Solet Technics UAB»-ի ներկայացուցիչներ, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, մանկավարժներ, դպրոցականներ, համայնքի բնակիչներ։
Բացման խոսքում Լիտվայի Հանրապետության դեսպանը կարևորեց Հայաստանի և Լիտվայի միջև առկա բարեկամական կապը, խոսեց երկու երկրների միջև գործող մշակութային կապի մասին, հույս հայտնելով, որ Հայաստանի կրթամշակութային հաստատություններում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերն էլ իրենց հերթին կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապի ամրապնդմանն ու զարգացմանը։ «Այն գումարները, որոնք կտնտեսվեն էներգետիկ ծախսերի կրճատման շնորհիվ, կարող են ներդրվել նորարարության նախագծերի իրականացման նպատակով։ Քանի որ Հայաստանն արևային ջերմ երկիր է, վստահաբար կարող ենք ասել` արևային էներգետիկան հենց ձեր երկրի համար է և կարող է նպաստել էներգետիկ անվտանգության բարձրացմանը»,- նշեց ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
«Ողջունում եմ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանի, Լիտվայի կառավարության, ծրագիրը ֆինանսավորող և տեխնիկական մասն ապահովող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ուրախ եմ Գեղարքունիքի մարզում ձեզ հյուրընկալելու համար։ Ողջունելի է այն ծրագիրը, որը Լիտվայի կառավարության աջակցությամբ արդեն իրականացվել է Շողակաթ համայնքում։ Սա մեծ ներդրում է համայնքի և մասնավորապես դպրոցի համար, քանզի այն իր բովանդակությամբ լուրջ աջակցություն կլինի դպրոցում էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկայի ապահովման համար։ Այս ներդրումը նպաստում է բնապահպանական զգալի խնդիրների կարգավորմանը և փաստում Հայաստանի ու Լիտվայի Հանրապետությունների միջև առկա բարեկամական կապի ընդլայնման, փորձի փոխանակման, երկու երկրների միջև համագործակցության նոր եզրերի հիմնման մասին։ Շնորհակալություն այս ծրագրի համար, և հույս ունենք, որ մեր համագործակցությունը կնպաստի նաև նորանոր գաղափարների և ծրագրերի իրականացմանը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Շողակաթի միջնակարգ դպրոցում արևային կայանի տեղադրման առիթով Լիտվայի կառավարությանն ուղղված ողջույնի և երախտագիտության խոսքեր ասացին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, այլ պաշտոնյաներ։
Արևային էլեկտրակայանի տեղադրման աշխատանքներն իրականացվել է «Ohm Energy» ԱՊԸ-ի մասնագետների կողմից։ «Այս ծրագիրը կոմերցիոն որևէ նպատակ չի հետապնդում, այն Լիտվայի կառավարության աջակցությամբ իրականացվող փորձի փոխանակման ծրագիր է, որը Հայաստանում ունենալու է շարունակական բնույթ՝ տարեցտարի ընդլայնելով դպրոցների ներգրավվածությունը։ Իրականացված ծրագրի շրջանակներում Շողակաթի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 53 արևային վահանակ՝ 400-ական վատ հզորությամբ։ Տարեկան այստեղ կարտադրվի շուրջ 30 հազար կվտ ժամ էլեկտրաէներգիա՝ մոտ 1 միլիոն 500 հազար դրամ արտադրողականությամբ։ Եվ եթե դպրոցը տարեկան ծախսի միջինը 500 հազար դրամի էլեկտրաեներգիա, ապա մնացած 1 միլիոն դրամը կարող է ուղղել ջեռուցման ծախսերին՝ էլեկտրական եղանակով»,- տեղեկացրեց «Ohm Energy» ԱՊԸ-ի տնօրեն Գևորգ Հախվերդյանը։
Շողակաթի միջնակարգ դպրոցում սովորում է 82 աշակերտ, դպրոցում գործում է նաև նախակրթարան, որտեղ հաճախում են 4 նախադպրոցական տարիքի երեխա։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47