Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի պետական համալսարանում բացվեց Արցախյան պատերազմների հերոսներին նվիրված Փառքի լսարան

07.05.2022

Գավառի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ուսանողներին՝ Գուրգեն Այվազյանին, Արմեն Աղեկյանին, Արթուր Վիրաբյանին, Զարզանդ Ներսիսյանին, Էդվարդ Պետրոսյանին, Նվեր Հովսեփյանին, Յուրա Զախարյանին, Ռուբեն Պրազյանին եւ Վահագն Սեյրանյանին նվիրված Փառքի լսարան:
Բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ, հերոսների ծնողներ, զավակներ եւ հարազատներ:
Լսարանի բացման պատիվը վերապահվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Նվեր Հովսեփյանի երեք զավակներին:
Բացման խոսքով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:
«Փառքի այս լսարանը մի սրբավայր է, որտեղ տեղադրված են Արեւմտյան Հայաստանից ու Արցախից բերված հող եւ բազմապիսի այլ մասունքներ: Այստեղ ստեղծված է Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր 10 ուսանողների կամ շրջանավարտների Փառքի անկյունը, որոնցում տեղադրված են նրանց փաստաթղթերը, իրերը, լուսանկարները: Մեր ուսանողները մաքառեցին հանուն հայրենիքի եւ անմահացան այսպես՝ սերունդներին թողնելով պայքարելու եւ արարելու պատգամը»,-նշեց Ռուզաննա Հակոբյանը:
Օրհնության կարգ կատարեց եւ ոգեկոչման խոսքերով հերոսների ծնողներին ու հարազատներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:
Ապա միջոցառման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Այսօր մենք հավաքվել ենք այս գիտակրթական հաստատության հարկի ներքո՝ մեր սիրո, երախտագիտության ու հարգանքի տուրքը մատուցելու այն հերոս տղաներին, ովքեր անմահացան Արցախյան 44-օրյա պատերազմում՝ իրենց կյանքի եւ արյան գնով կանգնեցնելով թշնամուն եւ փրկելով մեր հայրենի աշխարհը։ Այո, մենք չափազանց թանկ գին վճարեցինք այդ գոյամարտում, եւ ամենաթանկ կորուստները եղան հենց մեր քաջ ու անկոտրում, գիտակից ու ազնվագույն զավակները, ովքեր բազմաթիվ վեհ երազանքներ ու նպատակներ ունեին, խաղաղ աշխատանքով հզոր հայրենիք կերտելու ձգտումներ, սակայն ստիպված եղան զենքը ձեռքին դուրս գալ մեզ բնաջնջելու եկած թշնամու դեմ եւ դիմեցին անօրինակ սխրանքների՝ ապրեցնելով հայրենիքը, իրենց հարազատներին ու հայրենակիցներին, իրենց տունն ու քաղաքը, ապահովելով հայ սերունդների խաղաղ ու ստեղծագործ ապագան։
Գավառի պետական համալսարանը մեր հերոսների սիրելի ու հարազատ տունն էր, անկրկնելի ընտանիքը, որտեղ նրանք սիրով ու նվիրումով կրթվում ու մասնագիտանում էին, ձեռք բերում կյանքի ու հայրենաշինության համար կարեւոր գիտելիքներ, կայանում որպես երկրի հասուն քաղաքացիներ ու հայրենիքի նվիրյալ պաշտպաններ։ Նրանք պարտքի գերագույն գիտակցումով էլ մեկնել էին զինվորական ծառայության եւ անսասան կանգնած էին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մեր քաջերը դա ապացուցեցին իրենց հերոսական մաքառմամբ, անձնազոհությամբ ու անսասան կամքով։
Գավառի պետական համալսարանի պատմությունը հարստացավ փառքի անջնջելի էջերով, հերոսության այնպիսի դասերով, որոնք միշտ սերտելու են այս հաստատությունում սովորող սերունդները։ Մեր քաջերի անունները, նրանց գործած սխրանքները երբեք չեն մոռացվի ոչ միայն այս պատերի ներսում, այլ մեր ամեն մի քաղաքում ու շենում, մեր հոգիներում, դասագրքերում, ամենուրեք։
Այո, մեր ցավն անչափելի է, սակայն միաժամանակ անսահման է բոլորիս հպարտությունը, քանի որ մեր հերոսներն ընկան գիտակցված մահով, առանց կես քայլ իսկ նահանջելու, ընկան այն հավատով, որ փրկված հայրենի հողի վրա իրենց հետնորդները մի նոր ու հզոր Հայաստան են կերտելու, մի նոր ու լուսավոր կյանք։ Եվ հիմա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ավելի մեծ սիրով ու նվիրումով ներդնել իր ջանքերը մեր հայրենիքի պաշտպանության ու կառուցման, շենացման ու հզորացման ուղղությամբ, որպեսզի այլեւս նրան ոչ մի թշնամի չսպառնա, որպեսզի մեր հողի վրա նման ողբերգություններ ու նոր ցեղասպանություններ չկրկնվեն։
Մեր հերոսների սիրելի ծնողներ, սիրելի դասախոսներ, սրտանց ցավակցելով ու սփոփելով ձեզ՝ միաժամանակ քաջալերում եմ ու հավատացնում, որ համատեղ ուժերով, համազգային համախմբմամբ մենք կկերտենք այն հայրենիքը, հանուն որի ընկան ձեր թանկ զավակները, ձեր սիրելի ուսանողները, մեր երկրի ծաղիկ զավակները։ Ես հավատում եմ այդ օրվան, ես հավատում եմ մեր պայծառ գալիքներին։ Հավերժ փառք մեր հերոսներին։ Խոնարհվում եմ ու հպարտանում»,-ասաց մարզպետը։
Անուն առ անուն ներկայացվեցին հերոսների քաղաքացիական ու զինվորական կենսագրությունները, նրանց հիշտակին երգեր եւ բանաստեղծություններ ձոնեցին Գավառի պետական համալսարանի ուսանողները եւ Գավառի արվեստի դպրոցի սաները:
Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ծնողներին եւ հարազատներին հանձնեց հերոսների տպագրված կենսագրականները՝ դրանք իրենց բնակարաններում բացված Փառքի սենյակներում տեղադրելու համար:
Միջոցառման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ծաղիկներ դրեց Փառքի լսարանի հուշանկյունների ցուցափեղկերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47