Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ամփոփել է համապետական շաբաթօրյակի արդյունքները և շնորհակալություն հայտնել համայնքներում իրականացված աշխատանքների համար
02.05.2022

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում կայացավ համապետական շաբաթօրյակ, որի աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 43 հազար մարդ և շուրջ 238 միավոր տեխնիկա։ Մարզի ողջ տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման, աղբահեռացման, տարածքների բարեկարգման, աղբաթափման և աղբածածկման աշխատանքներ։ Կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, բակերը, հարակից տարածքները, Սևան ազգային պարկի անտառային տարածքները, գետաբերանները, պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի շրջակայքը, կրթական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների բակերը և դրանց հարող տարածքները։
Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները, որպես համակարգողներ, ամրակցվել էին մարզի համայնքներին և բնակավայրերին, սանիտարական աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու համար։
Շաբաթօրյակի ընթացքում գործի դրվեցին համայնքապետարանների կողմից նախապես կազմված գործողությունների պլանների և քարտեզագրված տարածքների սխեմաները, օգտագործվեցին գույքագրված և շաբաթօրյակի համար անհրաժեշտ տեխնիկան, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հեռացվող աղբը սահմանված վայրերում տեղափոխելու և դրանք ծածկելու գործընթացին։
Շրջայց կատարեցի մարզի համայնքներում, դիտարկեցի իրականացվող աշխատանքները և ուզում եմ երախտագիտություն հայտնել մարզում շաբաթօրյակի մասնակից բոլոր քաղաքացիներն: Մաղթում եմ առողջություն և հաջողություններ ամենուր։
Այս միջոցառումը միտված էր մաքուր բակ, մաքուր բնակավայր, մաքուր համայնք, մաքուր մարզ և մաքուր երկիր ունենալուն։ Վստահաբար կարելի է ասել, որ Գեղարքունիքի մարզում այս միջոցառումը ստացվեց։ Ցանկալի է, որ մարդիկ միշտ կարևորեն շրջակա միջավայրի մաքրության պահպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպեն նման կարգի միջոցառումներ։ Բարին ընդ ձեզ սիրելի հայրենակիցներ: